«Սրբազանը 4 ՀԷԿ-երի հեղինակ է». Եղեգիս համայնքի բնակիչները կհանդիպեն փոխվարչապետի հետ
Վայոց Ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի բնակիչները մայիսի 30-ին փակել էին Եղեգնաձոր-Մարտունի միջպետական ճանապարհի Շատին և Եղեգիս համայնքներ տանող ճանապարահատվածը՝ բողոքելով կառուցվող նոր ՀԷԿ-երի դեմ: Ըստ տեղաբնակների, Եղեգիս գետ վրա նախատեսվում է կառուցել ևս 4 նոր ՀԷԿ: Բողոքի ակցիային արձագանքել է Կառավարությունը՝ հանդիպում խոստանալով բնակիչների հետ:
Թեմայի շուրջ զրուցեցինք /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ ակցիայի կազմակերպիչներից մեկի՝ Տիգրան Եղոյանի հետ. «Ժողովուրդը մի քանի անգամ պարբերաբար այս բողոքը բարձրացնում էր ՀԷԿ-երի հետ կապված, սակայն ոչ մի արդյունք: Խնդիրը հասունացավ այն պահին, երբ որոշ օլիգարխներ գետի ակունքից փորձում էին ջուրը, մոտավորապես 20 կմ խողովակների մեջ վերցնելով, տեղափոխել դեպի նոր կառուցվող ՀԷԿ-եր: Ովքեր են այս նոր ՀԷԿ-երի հեղինակները ես առայժմ չգիտեմ: Խնդիրը կայանում է նրանում, որ այդ հատվածը՝ հատկապես անտառապատ տարածքի մոտ, չորացնելը, գետի հունը փոխելն արդեն ազգային դավաճանություն է: Ժողովուրդը իր պահանջը դրեց, մտել ենք նաև գյուղապետի մոտ, պահանջը ներկայացրել ենք, տեսել ենք, որ որևիցէ հարց չի քննարկվում, չի լուծվում, ստիպված ժողովուրդը դիմել է ծայրահեղ միջոցների: Ես անմիջապես կապ եմ պաշտպանել Կառավարության վերահսկողական վարչության հետ, Բնապահպանության նախարարի, ՄԻՊ-ի և այլ մարմինների հետ: Կառավարությունից անձամբ ես ստացել եմ զանգ, որ պատրաստ է փոխվարչապետը լսելու մեզ: Մենք ամսի 3-ին պատրաստվում ենք այս հարցի հետ կապված 4 հոգուց կազմված խմբով մտնել Կառավարություն, քանի որ ՀԷԿ-երը խժռում են այս գյուղը, էկոլոգիան, հույսով և մեծ ակնկալիքներով, որ Կառավարությունը այս հարցում կաջակցի, ՀԷԿ-երը կփակվեն, իսկ մնացածը գոնե կմտնեն օրինական դաշտ: Հակառակ դեպքում, ես՝ որպես այս տարածաշրջանում ֆերմեր և այս ակցիայի կազմակերպիչ, Կառավարությանը ուղղակի հորդորեցի, որ վերցնում եմ իմ վրա պատասխանատվությունը, քաղաքացիական նոր անհնազանդության, ճանապարհը երկարաժամկետ փակել մինչև այս հարցին ընթացք չտան»:
Նշենք, որ բողոքի ակցիային մասնակցում են Եղեգիս խոշորացված համայնքի 10 գյուղերից բնակիչներ: Ըստ մեր զրուցակցի՝ նոր ՀԷԿ-երի կառուցմանը դեմ են բոլորը, ամբողջ հասարակությունը ոտքի է կանգնել:
Տիգրան Եղոյանը նաև նշեց. «Մայր աթոռից ստացել եմ բանավեճի հրավեր. Սրբազանին ինչ-որ վիրավորելու համար: Ես նորից եմ հայտարարել, որ պատրաստ եմ՝ ցանկացած ֆորմատով, ցանկացած տեղ: Սրբազանը 4 ՀԷԿ-երի հեղինակ է: Հարյուր տոկոսով վստահեցնում եմ, որ սա իր ՀԷԿ-ն է, որովհետև ես Մայր Աթոռին էլ եմ դիմել այս հարցով, իրենք ոչինչ չեն արել: Ես պաշտոնապես հայտարարել եմ, որ նույնիսկ կասկածի տակ եմ դնում Գահակալի օրհնությունը, որովհետև Սրբազանը՝ աղքատության երդում տված մարդը, որին ես այսօր ամենայն պատասխանատվությամբ սրբապիղծ եմ անվանում, իրավունք չուներ գետը ցամաքեցնել ժողովրդի վրա: Այդ ՀԷԿ-երը հենց անմիջապես նրա օբյեկտի դիմացն են: Այսօր ամբողջ տարածաշրջանն է խոսում: Եթե սուտ տեղեկություն է, ես 2 տարի անընդմեջ նրա անունն եմ տվել, թող գոնե մեկ անգամ մամուլով հանդես գա, որ այդպիսի բան չկա: Իր եղբայրն է տնօրինում իր հետ միասին»:
Մեր զրուցակիցը նաև նշեց, որ նախկին բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին ուղղված նամակում ինքը մատնանշել է Եղեգիս գետի վրա գործող 19 ՀԷԿ-երի մասին, սակայն նախարարի պաշտոնական պատասխանում ասվում է միայն 6 ՀԷԿ մասին: «Միգուցե 6 ՀԷԿ է կամ այդքանը պետռեգիստրում գրացված են, մնացածը՝ ոչ, բայց պաշտոնապես հայտարարում եմ՝ 19 ՀԷԿ և ևս 4-ը նոր պետք է կառուցվի: Այսինքն, դառնում է 23 ՀԷԿ, իսկ մասնագետների պնդմամբ, այդ գետի վրա նույնիսկ 6 գետի կառուցումը հանցագործություն է»:
Նշենք, որ Բնապահպանության նախարարության տվյալների համաձայն, Եղեգիս գետի ամբողջ ավազանում, ներառյալ վտակները, շահագործվում է 17 փոքր ՀԷԿ, իսկ 8-ը ունեն կառուցման թույլտվություն: Բուն Եղեգիս գետի վրա շահագործվում է 9 փոքր ՀԷԿ, կառուցման թույլտվություն ունեն՝ 3-ը:
Եղեգիս գետում ՀԷԿ-երի գործունեությամբ պայմանավորված խնդիրների մասին խոսեցինք նաև Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանի հետ, ով ասաց. «Ընդհանրապես, մենք Հայաստանում ջուրը դիտում ենք որպես ռեսուրս, այլ ոչ թե համակարգ: Մեզ թվում է, եթե ջուրը մեկ տեղով մտավ, մյուսով դուրս եկավ, ապա դա էկոլոգիական խնդիր չի առաջացնում: Իրականում հենց ամենամեծ խնդիրն այն է, որ եթե որոշակի երկարությամբ ջուրը հոսում է խողովակներով, ապա այն կորցնում է իր կենսաբանական էական առանձնահատկությունները և դառնում անպիտան՝ շատ հաճախ այնտեղ ապրող օրգանիզմների համար և ոչ միայն ձկների:
Որպես ձկնաբան կարող եմ ասել, որ Եղեգիս գետի վրա կառուցված ձկնանցարանները շատ վատն են և չեն ապահովում ստորին հոսանքից դեպի վերև գնացող ձկների միգրացիաները, մյուս կողմից էլ ՀԷԿ-երի վրա կառուցված ճնշումային խողովակների մոտ կան ցանցեր, որոնց ճեղքերը թույլ են տալիս, որ բոլոր ձկները, որոնք բազմացել են վերին հոսանքների վրա և ցանկանում են իջնել ստորին հոսանք, գան և ընկնեն ճնշումային խողովակներ և այնտեղից էլ տուրբիններ և դրանց 90 տոկոսը ոչնչանում են: Իսկ գետի էկոլոգիական հոսքը, որ իրենք փորձում են ապահովել՝ ասելով իբրև թե պետք է գնա անհրաժեշտ քանակով ջուր, հատկապես ամռան ամիսներին, բացարձակ չէր ապահովում այնտեղ ապրող ձկների կենսական նվազագույն պահանջը: