Հաստատվեց «Կիոտոյի արձանագրության լրացումը» 8 տարի տևողությամբ
2012թ. նոյեմբերի 26-դեկտեմբերի 8-ը Դոհայում կայացավ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (այսուհետ Կոնվենցիա) 18-րդ և Կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրության կողմերի 8-րդ համաժողովները: Համաժողովների ընթացքում կայացան նաև Կոնվենցիայի և Կիոտոյի արձանագրության շրջանակներում ձևավորված հինգ օժանդակ մարմինների նստաշրջանները:
Համաժողովին ներկա էին 9000 մասնակից, ներառյալ 8 երկրների նախագահներ և ղեկավարներ, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, 115 նախարար, 4356 պետական պաշտոնյաներ 194 երկրներից, ՄԱԿ-ի տարբեր գործակալություններ, միջազգային և ոչ կառավարական կազմակերպություններ, ԶԼՄ-ներ:
Բանակցությունները Դոհայում հիմնականում կենտրոնացված էին նախորդ համաժողովներին ընդունված համաձայնությունների իրականացման ապահովմանը: Դեկտեմբերի 8-ին ըմդունվեց <<Դոհայի կլիմայական դարպասներ>> փաթեթը, որով հաստատվեցին արտանետումների կրճատման համընդհանուր, իրավական պարտավորություն սահմանող նոր միջազգային համաձայնագրի ընդունման ժամկետները: Համաձայնագիրը պետք է ընդունվի 2015թ. և վավերացումից հետո ուժի մեջ մտնի 2020թ.-ին: Համաժողովի ընթացքում սահմանվեց նաև, որ համաձայնագիրը պետք է ներառի արտանետումների զգալի կրճատման թիրախներ, որպեսզի սահմանափակվի գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը ոչ ավելի քան 20C-ով՝ նախաարդյունաբերական ժամանակաշրջանի նկատմամբ: Համաձայնեցվեց և հաստատվեց <<Կիոտոյի արձանագրության լրացումը>> արտանետումների կրճատման պարտավորությունների երկրորդ ժամանակաշրջանի վերաբերյալ` 8 տարի տևողությամբ (2013-2020թթ.): Կիոտոյի արձանագրության շուկայական մեխանիզմները, այդ թվում Մաքուր զարգացման մեխանիզմը, կշարունակվեն նաև 2013թ. հետո: Մեխանիզմների հասանելիությունը կլինի շարունակական միայն այն զարգացած երկրների համար, որոնք ստանձնել են քանակական պարտավորություններ երկրորդ շրջանի համար:
Այս որոշման ընդունմամբ ավարտվեց 2005թ. նախաձեռնված <<Կիոտոյի արձանագրության ներքո Կոնվենցիայի Հավելված I-ում ընդգրկված երկրների համար հետագա պարտավորությունների հատուկ աշխատանքային խմբի>> (AWG-KP) աշխատանքները:
Ձևավորվեցին զարգացող երկրներին տեխնոլոգիաների և ֆինանսների տրամադրում ապահովող նոր ենթակառուցվածքները.
- Կլիմայական կանաչ հիմնադրամը, որի քարտուղարությունը կտեղակայվի Կորեայի հանրապետությունում և կսկսի իր գործունեությունը 2013թ. կեսից, ինչը հիմքեր է ստեղծում, որ ֆինանսավորման տրամադրումը մեկնարկի 2014թ.-ին,
- Կլիմայական տեխնոլոգիաների կենտրոնը և Ցանցը, որը համակարգելու է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիրը:
Կողմերը նաև համաձայնության եկան ճանաչելու կորուստների ու վնասների հասցեագրման ինստիտուցիոնալ մեխանիզմները այն զարգացող երկրներում, որոնք առավել խոցելի են կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ:
Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիայի հետագա զարգացումների վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացրեց Կողմերի համաժողովին իր պաշտոնական հայտարարության մեջ: Այնտեղ մասնավորապես նշված էր, որ՝
- Հարմարվողականությունը կլիմայի փոփոխությանը Հայաստանի համար հանդիսանում է գերակա խնդիր լեռնային էկոհամակարգերի խոցելիության, ինչպես նաև դեպի ծով ելք չունեցող աշխարհագրական դիրքի պատճառով: Այդ կապակցությամբ երկիրը որդեգրել է “Կանաչ էկոնոմիկայի” սկզբունքների վրա հիմնված “էկոհամակարգային մոտեցումը”, ինչը թույլ է տալիս հաղթահարելու անորոշությունները կլիմայի փոփոխության կանխատեսման գործում, ինչպես նաև ապահովել սիներգիզմը այլ գլոբալ և տարածաշրջանային բնապահպանական կոնվենցիաների հետ:
- ՀՀ պատրաստ է սահմանափակել, այլ ոչ կրճատել, իր արտանետումները ներկայիս արտանետումների նկատմամբ, հետևողականորեն կրճատելով ՀՆԱ-ի էներգատարությունը, հիմնվելով “ընդհանուր, բայց տարբերակված պարտավորություն” մոտեցման սկզբունքի վրա (համաձայն մթնոլորտում ջերմոցային գազերի արտանետումների մակարդակի բարձրացմանն ունեցած պատմական պատասխանատվության աստիճանի):
- ՀՀ Կառավարության 2011թ. նոյեմբերի 10-ի թիվ 1594 որոշմամբ նախատեսվում է մինչև 2015թ. հաստատել հարմարվողականության ազգային պլանը, ինչպես նաև կլիմայի փոփոխության վրա ազդեցության նվազեցման (այսինքն ջերմոցային գազերի արտանետումների կրճատման) ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը:
Ինչպես այսօր «Ելակետ» մամուլի ակումբում նշեց Կլիմայի փոփոխության կոնվենցիայի և Կիոտոյի արձանագրության ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, 1993թ-ին ընդունված կոնվենցիան շրջանակականին բնույթ ունի և մեկ նպատակ է հետապնդում՝ կրճատել ջերմոցային գազերը և հասցնել մի աստիճանի, որպեսզի կլիմայական փոփոխությունները չլինեն անդառնալի և աղետալի: <<Այդ խնդրի լուծման համար այսքան տարիների ընթացքում հաջողվել է ընդունել Կիոտոյի արձանագրությունը, որտեղ քանակական պարտավորությունները սահմանվում են միայն զարգացած 43 երկրների համար: Բանակցությունների ընթացքում խոսվում էր այն մասին, որ պետք է բոլոր երկրները միասին ջանքեր գործադրեն և պայքարեն ջերմաստիճանի անդառնալի բարձրացման դեմ: 20 տարի անց, 2012-ին Դոհայում հնարավոր եղավ շրջադարձային որոշում ընդունել, քանի որ մասնակից բոլոր երկրները հանձն են առել մեկ տարվա ընթացքում ներկայացնել նյութեր, թե ինչպես պետք է նվազեցնեն արտանետումները և ինչ պետք է պարունակի գլոբալ համաձայնագիրը>>: Մասնագետը տեղեկացրեց նաև, որ մեր տնտեսության անկման հետևանքով Հայաստանի հանրապետության արտանետումները խիստ նվազել են. Եթե 1090թ-ին ջերմոցային գազերը կազմել են 24 մլն տոննա, ապա ներկայումս դրանք կազմում են ընդամենը 6 մլն տոննա: <<Դժվար է պատկերացնել, որ տնտեսական աճի հետ մեկտեղ չի ավելանա նաև արտանետումների քանակը: Հետևաբար, մենք ունենք այդ աճը զսպելու դիրքորոշում>>, -ասաց Ա. Գաբրիելյանը:
Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանն անդրադարձավ Հայաստանին սպառնացող վտանգներին: <<Հայաստանի նման լեռնային էկոհամակարգ ունեցող երկրների համար կլիմայի փոփոխության վտանգավորությունը վերաբերում է կլիմայական գոտիների շեղմանը, չորայնացմանը և ջրի նկատմամբ պահանջարկի բարձրացմանը, որը բացասաբար կանդրադառնա գյուղատնտեսության վրա: Այդ պատճառով 2015թ-ին հարմարվողականության ծրագիրն ընդունելիս պետք է հաշվի առնենք այս դանդաղ ընթացող գործընթացները, ևտնտեսության, ոռոգման համակարգերի հանդեպ մեր մոտեցումները, գյուղատնտեսության վարման հարցը պետք է կարողաանանք հստակ նախօրոք պլանավորել, որպեսզի չունենանք անդառնալի կորուստներ: Եթե կղզի երկրների համար վտանգը օվկիանոսի մակարդակի բարձրացումն է, ապա մեզ համար պարենային և գյուղատնտեսական անվտանգությունն է և ջրային ռեսուրսների և հետևաբար նաև ջրային էներգետիկայի խոցեիլություն է >>:
ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանըն էլ հավելեց, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ՝ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է համակարգի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունները: Մենք նպատակահարմար գտանք ստեղծել այդպիսի խորհուրդ, որտեղ ներկայացված կլինեն բոլոր շահագրգիռ նախարարությունները և հկ-ները, որովհետև անցնում ենք համալիր հարցերի քննարկման և համապարփակ որոշումների ընդունման փուլ», -ասաց Սիմոն Պապյանը:
Համաժողովին ՀՀ պատվիրակության մասնակցության հաշվետվությունը կներկայացվի ՀՀ վարչապետի 2012թ. հոկտեմբերի 2-ի թիվ 955Ա որոշմամբ ստեղծված Կլիմայի փոփոխության կոնվենցիայի պահանջների և դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի առաջիկա նիստին:
econews.am
