Խաշած եւ ադիբուդի եգիպտացորենը

Կոլտնտեսությունների «վախճանից» հետո եւ անասնապահական ֆերմաների քայքայման հետեւանքով Հայաստանում ինքնըստինքյան նվազեց եգիպտացորենի պահանջարկը, ինչի հետեւանքով նվազեցին այս մշակաբույսի ցանքատարածքները։

 Սակայն վերջին տարիներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նկատեց, որ այդ մշակաբույսի նկատմամբ հետաքրքրություն ունեն հատկապես Արարատյան հարթավայրի եւ Տավուշի մարզի հողագործները: Գյուղատնտեսության նախարարությունը, հաշվի առնելով, որ տարեցտարի եգիպտացորենի ցանքատարածքների աճ է գրանցվում, կառավարությանը ներկայացրեց առաջարկություն, որ պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել եգիպտացորենի ցանքատարածությունների ավելացմանը։

 Իհարկե, 2008¬ից սկսած գործադիրը ուշադրություն դարձրեց այս մշակաբույսի զարգացման եւ ցանքատարածքների ավելացման հարցին, սակայն թե՜ 2011թ. եւ թե՜ այս տարի «Երկիրը», լինելով մի շարք գյուղերում, պարզեց, որ այն հողագործները, ովքեր իրենց հողատարածքներն օգտագործում են եգիպտացորեն աճեցնելու համար, այնքան էլ գոհ չեն:

 Գյուղատնտեսության նախարարությունից հայտնում են, որ, օրինակ, եթե 2010 թվականին Հայաստանում եգիպտացորենի ցանքատարածքները կազմել են 3102 հա, ապա 2011¬ին դրանք ավելացել են եւ կազմել 3761 հա:

 2012թ. մասով գյուղնախարարությունում լռում են՝ կա՜մ չգիտեն, կա՜մ դեռ չեն որոշել՝ ինչ թվեր պետք է նկարեն:

 Սակայն փաստը մնում է փաստ, որ այսօր որքան վարելահող էլ մշակվում է, հողագործ գյուղացին նախընտրում է այդ տարածքներում բանջարաբոստանային կուլտուրաներ մշակել:

 Արմավիրի մարզի Արտամեդի գյուղապետ Անահիտ Դավթյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ համայնքում հաշվառված է մոտ 1300 հա վարելահող, որն, ի դեպ, ամբողջությամբ ոռոգվում է, որից 858 հա վարելահող է, 574¬ը՝ պտղատու այգիներ` խաղող, իսկ վարելահողերից մոտ 400 հա-ն այս տարի չի մշակվել:

 Նախօրեին, օրինակ, Դսեղում պարզեցինք, որ ընդհանուր առմաբ, այս համայնքի 700 հա վարելահողերից այս տարի մշակվել է ընդամնեը 40 հա-ն, ինչը հաստատեց նաեւ Դսեղի համայնքապետ Գառնիկ Հովսեփյանը:

 Չնայած Արմավիրի մարզպետարանից մեզ հայտնեցին, որ մարզում եգիպտացորենի ամենաշատ ցանկատարածքները գտնվում են մարզի Բերքաշատ եւ Արտամեդ համայնքներում, սակայն պարզվեց, որ Բերքաշատում այս տարի միայն գյուղապետն է եգիպտացորեն ցանել, իսկ Արտամեդում, նախորդ տարվա համեմատ, եգիպտացորենի ցանկատարածքները կրճատվել են կիսով չափ:

 «Անցյալ տարի մեր համայնքում ցանվել էր 20 հա եգիպտացորեն, սակայն կարկտահարության հետեւանքեվ ամբողջ բերքը գյուղացին կորցրեց, այս տարի մոտ 10 հա եգիպտացորեն է ցանվել»,- ասաց Արտամեդի գյուղապետը` հավելելով, որ եգիպտացորենի մշակությունը շատ դժվար է.«Գյուղացին այս պահին միայն ձեռքով է կազմակերպում եգիպտացորենի մշակությունը, իսկ համապատասխան տեխնիկա չկա»:

  Պարզվեց նաեւ, որ եգիպտացորենի բերքահավաքը կազմակերպվում է ձեռքով եւ, ըստ գյուղապետ Դավթյանի, եգիպտացորենի դաշտերի տերերը օրավարձով աշխատողներ են բերում՝ բերքը հավաքելու համար. «Այդ ամենից հետո եգիպտացորենի վաճառքի գինը` կերի համար` 120-130 դրամ է, իսկ սերմացուի համար` 150 դրամ»:

 Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուրի գյուղպետ Կամո Չոբանյանը«Երկիր»-ի հետ զրույցում նշեց, որ համապատասխան գյուղտեխնիկայի բացակայության պատճառով մարդիկ քիչ են ցանում. «Ամբողջ գործընթացը տեղի է ունենում ձեռքով՝ ցանել, փխրեցնել, հավաքել, եւ դա շատ դժվար աշխատանք է»:

 Այն մարդիկ, ովքեր մնացել են գյուղում, 1000-2000 քմ տարածքով եգիպտացորեն են ցանում եւ օգտագործում որպես անասնակեր: Ըստ գյուղապետ Չոբանյանի՝ ներկա դրությամբ համայնքի 570 հա վարելահողերից մոտ 10-15 տոկոսը (65-70 հա) եգիպտացորեն է ցանված։

 Զրուցակիցս պնդում էր, որ իրենց մոտ եգիպտացորենի բերքատվությունը շատ բարձր է` 1 հա-ից մինչեւ 40-45 ցենտներ:

 Եգիպտացորենի սերմի հետ կապված՝ գյուղապետը նշեց.«Տարիներ առաջ մարզպետարանը բերեց, բաժանեց եգիտացորենի ուկրաինական հիբրիդ սերմեր, սակայն դրանք միայն մեկ տարվա համար են, հաջորդ տարին այդ նույն սերմը բերք էլ չի տալիս: Իսկ այսօր մենք մեզ համար ստեղծում ենք եգիպտացորենի սերմեր»:

 Հիշեցնենք, որ դեռեւս 2008 թվականին գյուղնախարարությունը հավաստիացնում էր, որ առաջիկա տարիներին դրամաշնորհային ծրագրերով նախատեսվում է Հայաստան ներկրել եգիպտացորենի ցանքի եւ հավաքող կոմբայններ: Անցել է 5 տարի, սակայն գյուղնախարարությունը դեռ սայլը տեղից չի շարժել այդ ուղղությամբ:

 Գալուստ Նանյան

yekir. am 

 
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում