Առաջարկներ Թռչկան ջրվեժի անձնագրի նախագծի վերաբերյալ

1. Նախագծում հուշարձանի անվանումն ուղղել` ոչ թե Թռչկանի, այլ Թռչկան ջրվեժ: 2. Նախագծի 5-րդ կետում տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները թերի են նշված, հարևան համայնքի անվանումը նշված չէ, պետք է նշել, որ Թռչկան ջրվեժը գտվում է Մեծ Պառնի և Շիրակամուտ համայնքների վարչական սահմանագծում, ամբողջությամբ ընդգրկված է ՀՀ Լոռու մարզի Մեծ Պառնի համայնքի վարչական սահմանում, Չիչխան գետի վրա...

3. Նախագծի 6-րդ կետում նկարագրությունը բաժնում նշված է, որ ջրի շիթի բարձրությունը կազմում է 20-22 մետր: Մեր կարծիքով, ջրվեժի բարձրությունը փաստացի չի չափվել մասնագետի կողմից, այլ գրվել է մոտավոր, իսկ մենք մեր նախաձեռնությամբ ջրվեժի վերևի հատվածից իջեցնելով չափանշված ճոպան պարզել ենք, որ նրա բարձրությունը 23,5-24 մետր է: Առաջարկում ենք կամ ուղղել կամ համապատասխան մասնագետներ ուղարկել և չափել ջրվեժի բարձրությունը ու անձնագրում նշել ճիշտ չափը:

4. Նախագծի 7-րդ կետում քարտեզ-հատակագծի բաժնում` պահպանման գուտու մակերեսը նշված է մեկ հեկտար (1հա), որը մեր կարծիքով շատ քիչ է, իսկ A հանգուցակետի վայրի ընտրությունը անհասկանալի: Մեր կարծիքով A հանգուցակետը պետք է գտնվի Չիչխան գետի այն կետում, որտեղ կատարվում է Շիրակամուտի ջրանցքի ջրառը, քանի որ  գետահովիտի այդ հատվածը ներդաշնակ միասնության մեջ է ջրվեժի հետ ու հիմնականում ծառապատ է և նույնպես ունի պահպանման կարիք: Բացի այդ քարտեզ-սխեմաների մեջ մասշտաբները նշված չեն, որը մեր կարծիքով շատ կարևոր է:

5. Նախագծի նույն 7-րդ կետում` նշված է Գետիկ գետի անունը որպես Չիչխանի վտակ, սակայն մեզ չհաջողվեց գտնել որևէ տվյալ` այդպիսի անունով վտակի մասին: Հետաքրքիր է, թե որտեղից է վերցված այդ տեղեկությունը:

6. Առաջարկում ենք նախագծի 7-րդ կետում հանել «Թռչկանի ջրվեժի շրջակա տարածքներում հանդիպում են սահմանափակ տարածքներով ծառախմբեր» նախադասությունը:

7. Հաշվի առնելով, որ Թռչկան ջրվեժը Հայստանի ամենաբարձր և ամենաջրառատ գահավիժող ջրվեժն է՝ առաջարկում ենք տալ հանրապետական նշանակության բնության հուշարձանի կարգավիճակ, այլ ոչ թե տեղական՝ ինչպես նշված է նախագծի 10-րդ կետում:

8. Նախագծի 12-րդ կետում առաջարկվող օգտագործման ձևերը նշված են տուրիստական և ռեկրեացիոն նպատակներով: Առաջարկում ենք դրա փոխարեն օգտագործել «էկոզբոսաշրջություն» բառը: Բացի այդ, նշված չէ տվյալ տարածքում էկոզբոսաշրջության զարգացման հնարավորությունները, կանոնները և սահմանափակումները. օրինակ` Թռչկան ջրվեժին մոտեցող արահետների ուղղությունները, որը մեր կարծիքով խիստ կարևոր է և անհրաժեշտ է ներառել սույն հուշարձանի անձնագրում:

9. Առաջարկում ենք նաև նախագծում նշել նաև, թե Թռչկան ջրվեժը երբ է գրանցվել որպես բնության հուշարձան, որոշման ամսաթիվն ու համարը (ՀՀ կառավարության 14.08.2008թ. «ՀՀ բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» թիվ 967-Ն որոշմամբ հաստատված հավելվածի ջրագրական հուշարձաններ ցանկի 6-րդ կետ):

10. Թռչկան ջրվեժի նկարագրությունը շատ աղքատիկ է, ոչ մի խոսք չկա կլիմայի, կենսաբազմազանության, սեյսմիկ և տեկտոնական առանձնահատկությունների մասին, որոնց մասին անպայման պետք  է նշված լինի բնության հուշարձան համարվող օբյեկտի անձնագրում:

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն

econews.am

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում