Ի՞նչ է կատարվում Սոթքի հանքում և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում (տեսանյութ)

«Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե ոստիկանությունը չի արձագանքում «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության` իրենց ձեռնարկությունների աշխատանքը խոչընդոտող զանգվածային միջոցառումները կասեցնելու կոչերին: Հայտնում ենք, որ մայիսի 18-ին նշված ՍՊԸ տնօրենը հաղորդում է տվել ոստիկանություն, որ նախորդ երկու օրերին Վարդենիսի տարածաշրջանի մի խումբ բնակիչներ փակել են Սոթքի ոսկու հանքի վարչական շենքի մուտքը, բաց հանք ու երկաթգիծ տանող ճանապարհները, ինչի հետևանքով խաթարվել է բնականոն աշխատանքը»,- տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնից:

Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Նույն օրվանից ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնի ծառայողները բացատրական աշխատանքներ են սկսել ցուցարարների հետ, ինչի շնորհիվ մայիսի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ճանապարհները բացվել են, և հանքի բնականոն աշխատանքը վերականգնվել է: Հաղորդման հիման վրա հետաքննություն է կատարվում»:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ դադարեցնում է աշխատանքը Սոթքի հանքում ու Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում: «Մի խումբ կողմնակի անձինք, որոնք ոչ մի առնչություն չունեն «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ակտիվների և աշխատողների հետ մի քանի օրերի ընթացքում փակել են դեպի հանք տանող բոլոր ճանապարհները և պարալիզացրել են հանքի և Սոթք-Արարատ երկաթուղային ճյուղի աշխատանքը։ Այսօր կանգ է առնելու նաև Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի աշխատանքը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ինչպես տեղեկանում ենք «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության մամուլի ծառայությունից, բողոքողների իրական նպատակն այն է, որպեսզի «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության ղեկավարությունը թույլատրի նրանց մուտքը հանքի տարածք՝ ոսկու անօրինական արդյունահանում իրականացնելու համար։

 

Ընկերությունը լրագրողներին է տրամադրել նաև տեսանյութ, որտեղ վերոնշյալ բողոքող քաղաքացիները զրուցում են ընկերության ներկայացուցչի հետ՝ ներկայացնելով «պահանջներ»: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում