Բաց նամակ Արմեն Սարգսյանին. «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնություն

Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնող խմբի կողմից հրապարակվել է բաց նամակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Ծավալուն այս նամակում ներկայացվել է համապարփակ տեղեկատվություն Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ռիսկերի և վնասների մասին: Ներկայացնենք նամակից մեկ հատված, իսկ ամբողջը կարող եք կարդալ հետևյալ հղումով.

«Հարգելի՛ պարոն Սարգսյան, մեր երկիրը վերջին մեկ ամսում աննախադեպ փոփոխությունների ենթարկվեց։ Այդ փոփոխությունների մասնակիցը դարձավ մեզանից յուրաքանչյուրը: Այսօր մենք հայտնվել ենք մեկ այլ՝ ավելի խոստումնալից ապագա ունեցող Հայաստանում, որը, սակայն, ամենատարբեր ոլորտներում կանգնած է բազում խնդիրների առաջ։ Մենք գիտակցում ենք նաև, որ այդ խնդիրների լուծումը միայն պաշտոնատար անձանց ուսերին չի դրված. յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է իրեն զգալ այս երկրի տերը, բայց ինչն ավելի կարևոր է՝ պատասխանատուն։ Եվ ահա, Ձեզ ենք դիմում «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության և բազմաթիվ այլ մտահոգ մարդկանց անունից՝ անդրադառնալով մեր երկրի համար շատ կարևոր մի խնդրի։ Մեր մտահոգությունները սկիզբ են առնում մի եզրույթից, որը չի կարող չանհանգստացնել ցանկացած՝ իր երկիրը սիրող անձնավորության: Դա «անդառնալի» եզրույթն է: Հանքարդյունաբերությունն այն ոլորտն է, որտեղ առկա է անդառնալի կորուստների և անդառնալի բնաղետների հավանականություն: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այդ անդառնալիության հավանականությունը բավականին բարձր է, ինչի մասին վկայում է նաև հայկական հանքարդյունաբերության փորձը: Ցանկացած սխալ կարելի է ուղղել, բացի անդառնալի հետևանքներ ունեցող սխալներից:

Մի առիթով դուք նշել եք. « …Ժառանգությունները մեզ համար էական են և առաջին հերթին՝ բնապահպանական ժառանգությունները: Եվ մեր նման փոքր երկրում փոքրիկ փոփոխությունները կարող են բերել հսկայական փոփոխությունների՝ բնական ժառանգությունների իմաստով: … »

Մենք, կիսելով ձեր մտահոգությունը, չենք ցանկանում մեր սերունդներին ժառանգություն թողնել հսկայական բնապահպանական խնդիրներ: Մենք արդեն իսկ ունենք լուրջ բնապահպանական խնդիրներ, որոնց լուծումների տեսլականը դեռ չի երևում: Մենք կարծում ենք, որ այդ խնդիրները չպետք է ավելացնենք և փոխանցենք սերունդներին: Կարծում ենք՝ ցանկացած երկարաժամկետ տեսլական ունեցող երկիր իր առջև դնում է նման խնդիրներ և, անդառնալիության հավանականությունը հաշվի առնելով, որոշումներ չի կայացնում կարճաժամկետ տնտեսական օգուտների արդյունքում՝ երկարաժամկետ գործընթացներում լուրջ բնապահպանական խնդիրներ ունենալու հեռանկարի օգտին: Կարծում ենք՝ սա այն ռազմավարական սկզբունքներից մեկն է, որով պետք է առաջնորդվել ցանկացած ոլորտում՝ մասնավորապես հանքարդյունաբերության:

Դուք նաև շեշտել եք. «… Ես գիտնական եմ, զգացմունքներն իմ համար ուրիշ տեղ են, շատ էական են, բայց ուրիշ տեղ են: Երբ գալիս ենք փաստերին, բնությանը, գիտությանը, տեխնոլոգիային, ապա աշխատում է միայն մի բան՝ փաստ և տրամաբանություն… »: Համաձայն լինելով Ձեր այս մտքի հետ՝ ներկայացնում ենք տարբեր մասնագետների կողմից առաջ բերվող փաստեր Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի մասին՝ վստահելով գիտնականի Ձեր մարդկային տեսակին՝ կատարել համարժեք տրամաբանական եզրահանգումներ...»:

Նամակն ամբողջությամբ՝ այստեղ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում