Զվարճանքի համալիրում պահվող բեզոարյան այծը կտեղափոխվի Երևանի կենդանաբանական այգի

«10-ից 10» զվարճանքի համալիրում («Իքս Գրուպ») պահվող բեզոարյան այծը կտեղափոխվի Երևանի կենդանաբանական այգի: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը:

«EcoNews.am կայքում հրապարակված ահազանգի հետքերով այսօր մեր տեսուչներն այցելել են նշված տարածք: Այս պահի դրությամբ կա պայմանավորվածություն, որպեսզի կենդանին տեղափոխվի առավել լավ պայմաններ ապահովող Երևանի կենդանաբանական այգի: Հստակ օրը դեռ ֆիքսված չէ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին հնչել է ահազանգ նշված զվարճանքի կենտրոնում պահվող կարմիրգրքյան բեզոարյան այծի մասին: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի համակարգող Մանուկ Մանուկյանը, նման վայրերում կարմիրգրքյան վայրի կենդանիներ պահելը սխալ է, քանի որ կենդանուն սխալ են խնամում: «Մինչ այժմ ոչ ոք ճիշտ չի խնամել այդ կենդանիներին՝ սկսած իրենց տարածքից, տեղից, կերից, կերակրման ձևից և այլն: Ոչ մի բանը ճիշտ չի իրականացվում»,- մանրամասնեց նա:

Նշենք նաև, որ «Իքս Գրուպ» ընկերությունից մեզ հայտնել են, որ նշված «10-ից 10» զվարճանքի համալիրը տրված է վարձակալության «Մոն Ամի Դիզայն Ստուդիո» ՍՊԸ-ին:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում