«Դիլիջան» ազգային պարկի տնօրինությունը մասնակի՞ց է ծառահատումներին. մանրամասներ (ֆոտո)

Ինչպես տեղեկացրել ենք, մայիսի 8-ին «Դիլիջան» ազգային պարկի տարածքում անկախ մոնիթորինգ իրականացնող «Բնապահպանի տուն» նախաձեռնության, ինչպես նաև «SOS TV»-ի մի քանի ակտիվիստների կողմից հայտնաբերվել են խոշոր ծառահատումներ: Հայտնաբերվածը նկարահանվել է, հրապարակվել են տեսանյութեր և լուսանկարներ: Հայտնել ենք նաև, որ ահազանգն ուսումնասիրել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Դեպքի առնչությամբ Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ահազանգից հետո տեղի է ունեցել ուսումնասիրություն, որին մասնակցել են նաև «Բնապահպանի տուն» նախաձեռնության երկու ակտիվիստներ:

«Համատեղ տեղազննության ընթացքում պարզվել է, որ «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի թիվ 5 պահաբաժնում մեկ կաղնի տեսակի ծառն ամբողջովին չի կտրվել /հատված չէ բնային մասից/: «Դիլիջան» ազգային պարկ պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրինությունը նախապատրաստել է նյութեր՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժին հանձնելու համար: Նույն մասնաճյուղի 3 պահաբաժնում հաստատվել է 4 հատ նոր կտրած ծառի կոճղի առկայությունը:

Համատեղ տեղազննության ընթացքում չի հաստատվել տեսագրությամբ մատուցված տեղեկատվությունը, ըստ որի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի թիվ 10 պահաբաժնում, Պարզ լճի մոտակայքում հատվել են ծառեր։ Տեսագրության մեջ երևացող բոլոր կտրված ծառերի կոճղերը հին են, համարակալված և կնքված։ Դրանում համոզվել են նաև «Բնապահպանի տուն» նախաձեռնության ակտիվիստները:

«SOS» TV էջում հրապարակված տեսագրությունում արձանագրված ծառերի մեծ մասը 2017 թվականի քամատապալ և ձյունակոտոր ծառերից առաջացած փայտանյութն է, որը սահմանված կարգով՝ ինքնապատրաստման եղանակով վաճառվել է Դիլիջան համայնքի բնակիչներին, սակայն ճանապարհ չլինելու պատճառով չեն կարողացել տեղափոխել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դեպքի և ԲՆ կողմից հրապարակված հայտարարության մասին խոսեցինք նաև «Armenian Extreme club»-ի տնօրեն, «Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամ Գոռ Հովհաննիսյանի հետ, ով նշեց, որ այս դեպքի առնչությամբ հակասական փաստեր կան: «Մենք ասում ենք նոր են կտրված ծառերը, իրենք ասում են հին են, մենք ասում ենք կտրած է, իրենք ասում են թափուկ է»,- ասում է նա: Վերջինս նշում է, որ կիրառելի պրակտիկա է ծառը շուռ տալ աշնանը, գարնանը վերադառնալ այն տանելու նպատակով:

Խոսելով մայիսի 8-ին տեղի ունեցած իրադարձությունների մասին, Գոռ Հովհաննիսյանը նշեց. «Մեզ ինչ-որ մեկը նամակ էր գրել ներսից, որովհետև գրողը պահաբաժին բառն է օգտագործել, իսկ գյուղացին դժվար թե օգտագործի այդ բառը: Գումարած, նամակում նաև ասվում է 3-րդ պահաբաժին, իսկ մենք մեր ֆեյսբուքյան էջում պահաբաժնի համար չենք նշել, որովհետև մենք էլ չգիտեինք համարը, բայց գրողը նշել էր: Ներսի մարդը մեզ տվել է տեղեկատվություն, որ այսինչ-այնինչ տեղերում տնօրինությունը ծառ է կտրել: Մենք գնում ենք ու տեսնում, որ արգելափակոցով անցել են, թարմ հետքեր կան, բայց արգելափակոցը ջարդած չէ, ինչպես սովորաբար լինում է, այլ բացված, փակված է: Հետքերով գնում ենք, տեսնում ենք հսկայական մեծ ծառեր, թարմ կտրած, որին իրենք ասում են թափուկ: Եթե թափուկ է, ապա ինչո՞ւ նշված չէր: Երկրորդը՝ դուք ինչո՞ւ տեղյակ չէիք մինչև մենք չտարանք գլխին չկանգնացրեցինք»:

Գոռ Հովհաննիսյանը խոսեց նաև «Դիլիջան» ազգային պարկի աշխատանքի արդյունավետության մասին՝ ասելով, որ իրենք համոզված են՝ Ազգային պարկն իր գործառույթների զգալի մասը չի իրականացնում և եթե այսպես շարունակվի՝ Ազգային պարկ ընդհանրապես չենք ունենալու:

«Խնդիրը կտրածները տեսնելու մեջ չէ, այլ չկտրածները՝ պահպանելու: Այս պահին նրանց միակ գործառույթը ծառերը կտրողներից հետո կտրածները ֆիքսելն է: Ուրիշ ոչ մի գործունեություն չի կատարվում: Ազգային պարկն ունի զբոսաշրջության զարգացման բաժին. ոչ մի քայլ չի արվում այդ ուղղությամբ, բայց բյուջեից փող է գնում: Ազգային պարկն ունի գիտության զարգացման բաժին՝ հետազոտություններ, կենդանիների նշումներ և այլն. ոչ մի քայլ չի կատարվում, բայց բյուջեից ավելի քան 10 հոգու աշխատավարձ է դուրս գալիս: Ազգային պարկն ունի 80-ից ավել անտառապահ, որոնցից ոչ մեկն իրենց տարածքից տեղյակ չեն, բայց մենք մեր 5-6 հոգով կտրած ծառերից տեղյակ ենք լինում: Այդքանից հետո, իրենք գալիս են ընդամենը ծառերը կնքում ու գնում են: Այս է այժմ նրանց գործառույթը: Այնտեղ 100-ից ավել մարդ է աշխատում, ու այդ ամբողջ համակարգն աշխատում է միայն դրա համար: Շատ գիտական խմբեր գնում են, բայց պարկի տնօրինությունն անգամ տեղյակ էլ չէ դրա մասին: Իսկ պահպանման բաժինն ընդհանրապես չի պահպանում, ուղակի ֆիքսում է տեղի ունեցածը: Անգամ հատուկ խստացված ստուգումների օրերին այնտեղ ոչ ոք չի լինում. 80-ից ավել անտառապահից երևի ոչ ոք անտառ դուրս չի եկել, որովհետև մենք 30 հոգով ամբողջ տարածքն անցել ենք և հայտնաբերել ենք միայն ծառահատողներ: Եթե տարածքում անտառապահ լիներ, ծառահատողն անտառում ի՞նչ գործ ուներ»,- մանրամասնեց Գոռ Հովհաննիսյանը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում