Հայտնաբերել ենք թարմ կտրած ծառեր, կոտրած ուղեփակոց. կրկին հատումներ «Դիլիջան» ազգային պարկում

«Թեղուտ գյուղի վերևի պահաբաժնի անտառապահին որոշ ժամանակ առաջ ձերբակալել են և տարածքն այս պահի կարելի է ասել, որ անտեր վիճակում է։ Դիլիջան Ազգային Պարկի աշխատակազմը փորձում է նոր անտառապահ գտնել, բայց գյուղացիների կողմից ճնշումների ու վախեցնելու պատճառով ոչ ոք չի համաձայնվում։ Եվ այս ամենի հետևանքով տարածքն անտառապահ չունի ու ենթարկվում է թալանի։ Այսօր հայտնաբերել ենք թարմ կտրած ծառեր, կոտրած ուղեփակոց և սա դեռ ոչ ամբողջական ուսումնասիրման հետևանքով»,- գրված է «Բնապահպանի տուն» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում:

Նշենք, որ «Բնապահպանի տուն» նախաձեռնությունը նպատակ ունի անկախ մոնիթորինգ իրականացնել հատկապես «Դիլիջան» ազգային պարկի և մոտակա տարածքներում: Նախաձեռնության ակտիվ մասնակից է «Armenian Extreme club»-ի տնօրեն Գոռ Հովհաննիսյանը, նրա ընկերներն ու մի շարք այլ քաղաքացիներ: Նախաձեռնության կողմից արդեն իսկ հայտնաբերվել են մի շարք ծառահատումներ:

Գրառման շարունակությունը. «Պատահարի մասին տեղյակ ենք պահել համապատասխան մարմիններին` բն. նախարարություն, բն. տեսչություն, ոստիկանություն և ազգային պարկի աշխատակազմին: 

Տարածքի հետագա պահպանության հարցում ազգային պարկի տնօրինության հետ եկանք հետևյալ համաձայնությանը՝ մեր թիմը, մոտակա ժամանակներս, ցերեկային ժամերին հնարավորինս ակտիվորեն պատռուլ կիրականացնի հենց այդ տարածքում, իսկ գիշերային հսկումը կիրականացնեն պարկի աշխատակիցները։

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ԾԱՌԱԳՈՂԵՐԻՆ. մեր վրայի տեսախցիկները անընդհատ նկարում են և նկարածը ONLINE` ուղիղ եթերով պահվում է ինտերնետում: Այնպես որ տեսախցիկները մեզանից խլելու կամ կոտրելու փորձ անեփտլով դուք ավելի եք բարդացնում ձեր իրավիճակը, քանի որ մեր աշխատակիցը միևնույնն է կտեսնի ձեր գործողությունները և անպայման կհասցնի համապատասխան մարմիններին»: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում