«Մուլտի Գրուպ» կոնցեռնը շարունակում է ոսկի փնտրել Լոռու մարզում

«Մուլտի Գրուպ» կոնցեռնը կշարունակի ոսկի փնտրել ՀՀ Լոռու մարզում: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքէջից, մայիս ամսին հանրային լսումներ կանցկացվեն Օձուն համայնքում: 

««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. մայիսի 4-ին ժամը 12:00-ին ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի Մղարթ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրի շենքում տեղի կունենան «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում)»,- ասված է հայտարարության մեջ: 

«Մուլտի Գրուպ» կոնցեռնը ցանկանում է շարունակել 2016-2017 թվականներին կատարված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները Հագվու և Մղարթի հանքավայրերի տարածքներում: Նախատեսվող գործունեության տարածքն ընդգրկում է ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի Հագվի և Մղարթ բնակավայրերի վարչական սահմաններում գտնվող տարածքներ: 

Նշենք, որ դեռ 2000թ.-ին ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» ընկերությունը համայնքից 30 տարով 40 հա հողատարածք է վարձակալել։ Դրա մի մասում հանքավայր բացվել, իսկ այժմ նախատեսվում է ավելացնել հանքի տարածքներն ու տարեկան 50 հազար տոննա արտադրողականությունը հասցնել 100 հազարի։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում