Կենդանասերները կրկին ահազանգում են վառված շան մասին (ֆոտո)

Հայաստանում շարունակվում է դաժան վերաբերմունք դրսևորվել կենդանիների նկատմամբ: Այս անգամ ևս ահազանգում է «Դինգո թիմը» գրելով՝ «ահազանգ վառված շան մասին: Չգիտենք, թե ինչ պայմաններում է նա այրվել, բայց ենթադրում ենք, որ մարդու ձեռքի գործ է, քանի որ տեղ-տեղ խանձած է, ու մի տեղ շատ մեծ այրած: Նրան վիրահատություն է պետք, դեղեր, հետվիրահատական խնամք»:

Հիշեցնենք, որ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը մշտապես անդրադառնում է կենդանիների նկատմամբ դրսևորված դաժանության դեպքերին: Կրկին անգամ նշենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում:

92-րդ հոդվածն ասում է. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»:

Բացի այս, ըստ հոգեբան Իրինա Ծատուրյանի, կենդանիների նկատմամաբ դաժան վերաբերմունք դրսևորող անձը չի կարող համարվել հոգեպես առողջ: «Այդ մարդը հոգեպես առողջ չի կարող համարվել և կարող է հասարակության համար շատ վտանգավոր լինել: Կենդանու նկատմամբ վերաբերմունքից պարզ երևում է՝ մարդն իրենից ինչ է ներկայացնում: Մեկը մյուսի հետ կապված է: Եթե նա իրենից փոքրին, անպաշտպանին այդպիսի վնաս է պատճառում, ուրեմն այդ մարդը նորմալ չէ: Դա ակնհայտ է»,- ասում է նա:

Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք սահմանող օրենքի անհրաժեշտության մասին խոսել ենք բազմիցս: Այս խնդրի մասին բարձրաձայնում են թե՛ կենդանապաշտպանները, թե՛ համապատասխան մասնագետները, թե՛ ԶԼՄ-ները, սակայն որևէ քայլ այս ուղղությամբ չի արվում ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր մարմինների կողմից: 

Նշենք, որ սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդագրություն հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է ՀՀ ոստիկանության ուշադրությունը:  

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում