Շանը վառելու փորձ արած 16-ամյա տղան վարքային խնդիրներ ունի (տեսանյութ)

Օրերս կենդանիների նկատմամբ դրսևորված դաժանության հերթական դեպքն արձանագրվեց: Այս մասին ահազանգեց Յաշա Սոլոմոնյանը՝ հրապարակելով տեսանյութ և գրելով. « …Առաջին հայացքից ճանաչեցի։ Սևանավանքի աստիճաններին մարդկանց խաբող մոմավաճառ֊լակոտներն էին։ Երբ մտա ներս, տեսա, որ պատի անկյունում մի շան ձագ են մտցրել, վրան ծանր քարեր դրել, որ չկարողանա փախչել, ու կրակայրիչով այրում են կենդանու բուրդը։ Հարցիս, թե էս ի՞նչ եք անում, էդ լոլոզ վիժվածքը՝ Դանիել անունով, քմծիծաղ տվեց՝ ասելով, թե բա շանն եմ տաքացնում, ինշշշշշ կա՞ որ, ապեեեեր … Բարեբախտաբար ժամանակին հասա, ու շունը շատ չէր վնասվել... »:

Միջադեպը հերթական անգամ անհանգստացրեց կենդանասեր հասարակությանը: Կենդանու ապագայի մասին կրկին անգամ հոգացին «Դինգո թիմի» անդամները: Մեզ հետ զրույցում «Դինգո» թիմի անդամ Գոհար Մանուշակյանը պատմեց, որ թիմի անդամներ այցելել են նշված տարածք, վերցրել շանն ու դիմել ոստիկանություն:

«Ահազանգեցինք ոստիկանություն, բողոք գրեցինք, հետաքննիչը բացատրություն էլ վերցրեց: Խոսքը գնում է անչափահաս տղայի մասին, որն արդեն մի քանի անգամ գողության համար բերման է ենթարկվել: Խայտառակ ձևով «հայտնի» ընտանիք են: Մայրը մի աննորմալ երևույթ է, որը թքած ունի բացարձակապես երեխայի վրա: Պատրաստվում եմ դիմել նաև անչափահասների խնդիրներով զբաղվող կառույցին»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հոգեբան Իրինա Ծատուրյանը մեզ հետ զրույցում ասել է՝ այն մարդիկ, ովքեր առհասարակ տանջում են կենդանիներին, նորմալ չեն: «Դա խոսում է նրա հոգեվիճակի ծայրաստիճան բացասական լինելու մասին: Այդ դաժանությունը կենդանու նկատմամբ խոսում է նաև այն մասին, որ կոնկրետ այդ մարդու նկատմամբ մանուկ հասակում դաժանություն է կիրառվել: Կենդանիներին այդպիսի մարդիկ են տանջում: Նա կամ հոր, կամ մոր, կամ երկուսի, կամ այլ անձանց կողմից ենթարկվել է շատ դաժան դաստիարակության, ծեծերի, միգուցե վախեցրել են նրան, ծնողները միգուցե բաժանված են եղել և այլն: Այստեղ կարող ենք թվարկել բոլոր բացասական իրադարձությունները, որոնք ընտանիքներում լինում են: Այդպես է մարդը դառնում դաժան: Այդպես մեծացած մարդն է կենդանիներին հետո ենթարկում կտտանքների»,- մանրամասնեց նա:

Հոգեբանի խոսքերը հաստատվում են նաև այս դեպքի կիզակետում հայտնվածերիտասարդի վարքով: «Այդ կինը 4 ամուսին է ունեցել և յուրաքանչյուրից մեկական երեխա: Վերջին ամուսինն ընդհանրապես 27 տարեկան: Հանրահայտ «հեղինակությամբ» կին է: Այն կարգի, որ տեղի բոլոր գործարարներն ուղղակի խնդրում են մի բան անենք, որ այս մոմ վաճառող տղաներին հեռացնեն տարածքից: Այդ տղան 16 տարեկան է: Մոր հետ խոսում եմ և բացատրում՝ այդ տարիքի մարդը պետք է հասկանա, որ կենդանուն վառելը նորմալ երևույթ չէ: Մոր համար կարծես միևնույն էր»,- պատմում է Գոհար Մանուշակյանը: 

Նշենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում:

92-րդ հոդվածն ասում է. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»:

Նշենք նաև, որ «Դինգո թիմի» ջանքերով երիտասարդի կողմից տանջանքների ենթարկված շան ձագուկները տեղափոխվել են: Կենդանիներն այնքան վախեցած են եղել, որ թաքնվել են մարդկանցից: Այժմ տուժած կենդանիներն արդեն նոր տերեր ունեն: Գոհար Մանուշակյանը նշեց, որ ձագուկը դեռ վախեցած է, սակայն նրա նոր տերերի խնամքի շնորհիվ շուտով նրա վիճակը կլավանա:

 

Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք սահմանող օրենքի անհրաժեշտության մասին խոսել ենք բազմիցս: Այս խնդրի մասին բարձրաձայնում են թե՛ կենդանապաշտպանները, թե՛ համապատասխան մասնագետները, թե՛ ԶԼՄ-ները, սակայն որևէ քայլ այս ուղղությամբ դեռ չի արվել ո՛չ օրենսդիր, ո՛չ գործադիր մարմինների կողմից: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում