Այսուհետ կիրառվելու է բնապահպանական թողքի հաշվարկման նոր մեթոդիկա

ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N927 նոր որոշման համաձայն՝ բնապահպանական թողքի հաշվարկման ժամանակ ստացվում էր մեկ արժեք ամբողջ տարվա համար, որի ժամանակ հաշվի չէր առնվում հիդրոկենսաբանական, հիդրոմորֆոլոգիական (այդ թվում՝ հիդրոլոգիական տվյալները), հիդրոֆիզիկական և հիդրոքիմիական տարրերը, որոնք մեծ նշանակություն ունեն գետավազանի էկոհամակարգի պահպանման համար: Այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 25-ի N 57-Ն որոշման համաձայն՝ բնապահպանական թողքի հաշվարկման ժամանակ հաշվի է առնվում գետերի սնուցման և սեզոնային առանձնահատկությունները, այսինքն հիդրոլոգիական տվյալներ ունեցող գետերում բնապահպանական թողքի արժեքը որոշվում է բազմամյա ձմեռային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքի արժեքին ավելացնելով տվյալ ամսվա բազմամյա բնական նվազագույն միջին ամսական ելքի արժեքի 1/3 մասը՝ 33%-ը: Քանի որ, ՀՀ գետերում հիդրոկենսաբանական, հիդրոմորֆոլոգիական և հիդրոքիմիական մոնիտորինգի տվյալները բացակայում են, դրա համար է կիրառվում 33%-ն «անվտանգության գործոնը», ինչն ապահովում է գետի հիդրոմորֆոլոգիական, թթվածնային և ջերմային պայմանները, որոնք էլ ապահովում են ջրային օրգանիզմների գոյատևումը և վերարտադրությունը: Եթե բնապահպանական թողքի ամսական հաշվարկված արժեքը մեծ է ստացվում տվյալ ամսվա բազմամյա բնական նվազագույն ելքից, ապա որպես բնապահպանական թողք ընտրվում է տվյալ ամսվա բազմամյա բնական նվազագույն ելքի արժեքը:

Հիդրոլոգիական տվյալներ չունեցող գետերում բնապահպանական թողքի արժեքը որոշվում է երկրատեղեկատվական համակարգի միջոցով և բնապահպանական թողքի ամսական արժեքների որոշման համար նույն գետավազանում կամ նմանատիպ ֆիզիակաշխարհագրական պայմաններ ունեցող գետավազանում ընտրվում է ուսումնասիրված հիդրոլոգիական նմանակ դիտակետ, որն ունի ջրհավաք ավազանի կլիմայական, երկրաբանական և ռելիեֆի միանման պայմաններ, որից հետո հաշվարկը կատարվում է վերոնշյալ մեթոդիկայով:

Նոր մեթոդիկայով բնապահպանական թողքը հաշվարկվում է ըստ ամիսների և ստացվում է 12 արժեք՝ տարվա կտրվածքով:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում