Ահազանգ. այս ձագերին ուզում են թունավորել (ֆոտո)

Ինչպես տեղեկացրել ենք, ապրիլի 4-ը թափառող կենդանիների համաշխարհային օրն է: Խորհրդանշական է, որ հենց այսօր «Դինգո» թիմը հերթական անգամ ահազանգեց մարդկային դաժանության ևս մեկ դեպքի մասին: 

«Սոս վիճակ է»,- գրում է «Դինգո» թիմի անդամ Գոհար Մանուշյանը ու շարունակում,- «էս ձագերին ուզում են թույնեն, մի օր ժամանակ ունեմ, որ վերցնեմ... Ո՞վ կարող է ժամանակավոր ձագուկ պահի, որ շուտ որդեգրման տանք...»։ 

Գոհար Մանուշյանը մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում պատմեց, որ կենդանիները գտնվում են Վրացական փողոցի բակերից մեկում: «Տարածքում մի ծալապակաս մարդ կա: Մեկ Յունիգրաֆ է զանգում, որն արդեն հրաժարվում է տանել շներին՝ ասելով որ այս ձագերին մենք գալու ենք տանենք տեղավորենք, համբերե՛ք մի քանի օր: Այդ մարդը նույնը շարունակում է: Այսօր նորից զանգել էր ինձ: Մի քանի օր առաջ ես նրան փորձեցի բացատրեմ, որ համբերի մինչև մայրիկին տանենք ստերջացնենք, ձագերին էլ տերեր գտնենք: Այսօր արդեն զանգեց կոպիտ հայհոյանքներով... ասում եմ՝ ինչո՞վ են նրանք խանգարում՝ ձեր ուտելիքն են ուտո՞ւմ այդ ձագերը»: 

Նշենք, որ «Դինգո» թիմը, ինչպես նաև մի շարք այլ կազմակերպություններ հսկայական աշխատանք են կատարում ՀՀ-ում թափառող կենդանիներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Այս դեպքում ևս նրանց անհրաժեշտ է օգնություն, և թիմը կոչ է անում քաղաքացիներին չլինել անտարբեր (Օգնել ցանկանալու դեպքում գրել այս հղումով): 

Հիշեցնենք, որ ՀՀ-ում թափառող կենդանիների խնդիրը շարունակում է չլուծված մնալ: Մարդկանց, տարբեր պետական և ոչ պետական կառույցների կողմից կենդանիների նկատմամաբ շարունակվում է դրսևորվել դաժան վերաբերմունք, որի մասին բազմիցս բարձրաձայնել ենք: Խնդիրն այդպես էլ կմնա չլուծված, քանի դեռ ՀՀ-ում բացակայում է կենդանիների նկատմամաբ պատասխանատու վերաբերմունքը կարգավորող օրենսդրական ակտ: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում