ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում զարգացվում է էկոտուրիզմը

Մարտի 30-ին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում (ԲՀՊՏ) 2018թ․ էկոտուրիզմի խթանմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ։ Քննարկմանը ներկա էին ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտեմ Թարզյանը, ՀՀ ԲՀՊՏ-ների տնօրենները և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները: Խ. Հակոբյանն անդրադարձել է ԲՀՊՏ-ներում նոր տեխնոլոգիաների՝ մասնավորապես էլեկտրոնային վճարման համակարգերի ներդրման, կանաչ վիզաների մշակման և կիրառման, տարածքի բարելավման և ազատ հատվածների վարձակալման և էկոկրթական ծրագրերի իրականացման միջոցառումներին։

Աշխատանքային հանդիպմանը քննարկվել են նաև էկոզբոսաշրջային միասնական տեղեկատվական համակարգերի ստեղծման և գովազդային ծրագրերի մշակման, տրանսպորտային կազմակերպությունների, տուր-օպերատորների հետ պայմանագրերի կնքման, ԲՀՊՏ-ներում զբոսաշրջային երթուղիների մշակման, hեծանվային և ձիավարության մշակույթի զարգացման գործընթացներին վերաբերող հարցեր։ Քննարկման ժամանակ հարց է բարձրացվել նաև ԲՀՊՏ-ներում աղբահանության հետ կապված խնդիրներին: Աղբահանությունը պատշաճ և ժամանակին իրականացնելու համար Խաչիկ Հակոբյանն առաջարկել է ԲՀՊՏ-ների տնօրեններին վերանայել կնքված պայմանագրերը աղբահանում իրականացնող կազմակերպությունների հետ։ Հանդիպման մասնակիցների կողմից կարևորել են իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացումը և դրանցից ակնկալվող եկամուտների աստիճանական ավելացումը։

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանի մոտ կազմակերպված խորհրդակցության ժամանակ քննարկվել են ԲՀՊՏ-ներում հրդեհների կանխարգելման, հակահրդեհային միջոցառումների ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող հարցեր։ Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ, ովքեր ներկայացրել են մասնագիտական առաջարկներ։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում