Համայնքային զարգացման վրա է հիմնված բնապահպանությունը. Արտավանում կզարգանա էկոտուրիզմը (ֆոտո)

ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի փոքր դրամաշնորհների շրջանակներում ֆինանսական աջակցությամբ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն Զառիթափ համայնքում իրականացնում է էկոտուրիզմի զարգացման ծրագիր, որի շրջանակներում WWF հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվել է Արտավան բնակավայրի արտաքին լուսավորության խնայողական համակարգի տեղադրման աշխատանքներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Սարգիս Աղայանը:

Նշենք, որ օրերս լրագրողական խումբն այցելել էր Վայոց ձորի և Սյունիքի մարզեր այնտեղ կատարված մի շարք աշխատանքներին ծանոթանալու նպատակով:

Լրագրողների այցելության ժամանակ Արտավան համայնքում առաջին անգամ գործարկվեց նոր լուսագիծը: «Այսօրվանից սկսած Արտավան բնակավայրն ունենալու է արտաքին լուսավորություն: Նշեմ, որ մեր ծրագրի շրջանակներում ոչ միայն արտաքին լուսավորության համակարգ ենք տեղադրելու: Սա ծրագրի մի փոքր մասն է: Էկոտուրիզմի զարգացման ծրագրի շրջանակներում 3-4 հյուրատնային ծառայություն իրականացնող տների վերանորոգման, վերազինման աշխատանքներ ենք կատարելու, իրականացվելու է դպրոցում բնապահպանական ակումբի ստեղծում, ինչպես նաև տարբեր էկոտուրիստական ենթակառուցվածքների ստեղծում՝ վրանատեղի ստեղծում հենց գյուղամեջում, ձիարշավային, քայլարշավային երթուղիների ստեղծում: Արտավանը հարուստ է նաև պատմամշակութային հուշարձաններով և դրանց մի մասը բացահայտված չէ: Մեր ծրագրի շրջանակներում նաև պետք է բացահայտենք և պատշաճ տեղեկատվական վահանակներ տեղադրենք տվյալ հուշարձանների մոտ: Այդ երթուղիներում նախատեսվում է նաև AR/VR տեխնոլոգիաների կիրառում: Համապատասխան սարքավորումների, ակնոցների և ծրագրերի միջոցով մարդիկ իրենց սմարթֆոններով կարողանալու են նայել, տարածքի մասին հետաքրքիր ինֆորմացիա ստանալ»,- մանրամասնեց նա:  

WWF բնապահպանական գծով պատասխանատու Արսեն Գասպարյանն էլ խոսեց ծրագրի բնապահպանական կողմի մասին նշելով, որ կիրառվել են լեդ լամպեր, որպեսզի ավելի քիչ էներգիա սպառվի համայնքի լուսավորման հետ միաժամանակ: «Առաջին հայացքից թվում է, թե բնապահպանության ոլորտի հետ ոչ մի կապ չկա, բայց նշեմ, որ Արտավան համայնքը գտնվում է հենց անտառին հարակից հատվածում և այստեղ կան այնպիսի խոշոր կաթնասուններ, ինչպիսիք են՝ արջերը, գայլերը, որոնք մոտենում և մտնում են համայնք: Պարզ է՝ մարդը դուրս է գալիս փողոց, իսկ այնտեղ մութ է, վտանգը մեծանում է: WWF «Կովկասյան ընձառյուծի պահպանության» ծրագրի շրջանակներում մենք իրականացնում ենք փոքր համայնքային ծրագրեր: Այս ծրագրերից մեկն էլ իրականացվեց Արտավանում: Նման ծրագրեր իրականացվել են նաև այլ համայնքներում: Սրանք այն համայնքներն են, որոնք մեր մշտադիտարկման արդյունքում համարվում են Կովկասյան ընձառյուծի որս հանդիսացող տեսակների, ինչպիսիք են բեզոարյան այծը, մուֆլոնը, վայրի խոզը և այլն, ապրելավայրեր:

Կարծես թե համայնքային զարգացումը կապ չունի, բայց համայնքային զարգացման վրա է հենց հիմնված բնապահպանությունը: Եթե մարդկանց կենսամակարդակն ավելի բարձր է, ապա բնության հանդեպ վերաբերմունքն էլ դրական կլինի: Այդ տեսանկյունից փոքր համայնքային զարգացման ծրագրերը աջակցում են, որ մարդիկ ավելի դրական տրամադրվեն, փորձեն պահպանեն իրենց կենսաբազմազանությունը, բնությունը: Ծրագրի շրջանակներում մենք այստեղ նաև ունենք կովկասյան ընձառյուծի խնամակալ, համայնքի բնակիչներից Գառնիկը, ով մեզ օգնում է մշտադիտարկման հարցում: Տեղադրում է ֆոտոխցիկներ, կենդանիների թվաքանակի մասին տեղեկատվություն է հայտնում:
Այս պահին, եթե իրատեսական լինենք, ապա կարող ենք ասել, որ մեզ մոտ ընձառյուծ կա միայն հենց «Արևիկ» ազգային պարկի տարածքում՝ Մեղրու տարածաշրջանում, բայց կովկասյան ընձառյուծը բավական մեծ տարածքներ է գրավում. մեկ առանձնյակը՝ 10-30 հա: Այդ պատճառով կենդանուն ֆիքսելը, նկարելը բավական բարդ է: Մեր նպատակն է հնարավորինս պահպանել ապրելավայրերը, որոնք անհրաժեշտ են կենդանու համար, որպեսզի կենդանին քիչ-քիչ վերադառնա և գրավի իր տեղը մեր էկոհամակարգում: Փաստորեն, եթե լուսավորությունը կա, այն ավելի անվտանգ է դարձնում մարդկանց ապրելավայրը. Արդեն կենդանին կարող է խուսափել և չգա այդ տարածքներին»,- մեզ հետ զրույցում պատմում է Արսեն Գասպարյանը:

Արտավան համայնքում էկոտուրիզմի զարգացման գործին մասնակցում է նաև «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն: Ինչպես ասում է ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանը, իրականացվում է էկոտուրիզմի զարգացման ծրագիր, որի շրջանակներում փորձ է արվում համայնքը ճանաչելի և ներկայանալի դարձնել տուրիստական միջավայրում: «Արտավանն ունի հետաքրքիր տեսարժան վայրեր, որոնք դուրս են մնացել զբոսաշրջային երթուղիներից, առհասարակ, ո՛չ արշավախմբերն են այստեղ գալիս, ո՛չ գործակալություններն են իրենց փաթեթների մեջ ներառում:

Անչափ հետաքրքիր է տեղացիների ասած «Հայելի գոլը», որը քարտեզներում նշված է որպես Կարմիր լիճ: Դրա առանձնահատկությունն այն է, որ դրա մեջ ապրող խոտերն ունեն այնպիսի տեսք, որ արևելյան դիրքից նայելիս կարծես թե աշխարհի մայրցամաքները լինեն լճի մեջ: Լիճը ինքը գլոբուսն է և պարզ երևում է Հյուսիսային և Հարավային Ամերիկան, Եվրոպան, Աֆրիկան և այլն: Այստեղ մարդու միջամտությունն ընդհանրապես չկա, ամբողջը բնական է:

Նշենք, որ «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» ծրագրի շրջանակներում սոցիալական բնույթի աջակցություն է ցուցաբերվել Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի 7 համայնքների՝ Արևիս, Բռնակոթ, Թասիկ, Սալվարդ, Արտավան, Հորս և Զանգակատուն:

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում