Թեղուտի պոչամբարը կարող է ցանկացած պահի փլվել

«Վերևից նկարահանված կադրերում հստակ երևում է, որ պոչամբարը լցված է, պոչանքները հասել են դրա վերին գծին ու կարող են սկսել դուրս հոսել». այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, «Անպատասխանատու լեռնահանքային արդյունաբերություն. Ո՞վ կկանխի թեղուտյան աղետը և կվերականգնի ոչնչացված բնությունը» քննարկման ժամանակ ասաց «Իրազեկ քաղաքացիներ» ՀԿ ներկայացուցիչ Ռաֆայել Աֆրիկյանը: 

Վերջինս նաև անդրադարձ կատարեց շուրջ 1200 աշխատատեղի կրճատմանը՝ տարօրինակ համարելով այս հանգամանքը: «Ընկերությունը, որն իրականացնում է 30 մլրդ դոլար արժեքով ծրագրեր, չէր կարող ֆինանսական դժվարություններ ունենալ, հատկապես պղնձի միջազգային գների բարձրացման պարագայում»,- մանրամասնեց նա:

Ռաֆայել Աֆրիկյանը նաև նշեց, որ «Իրազեկ քաղաքացիներ» ՀԿ-ն դրոններով Թեղուտում հետազոտություն է իրականացրել և պարզել, որ հանքավայրն իրականում չի շահագործվում, սակայն պոչամբարը մինչև եզրերը ջրով է լցված, և եթե թեկուզ մի փոքր էլ ավելանա, ամբարտակը կճեղքի: Նա նշեց, որ հետազոտությունների ընթացքում չի հաջողվել պարզել՝ ամբարտակի վրա ճեղք կա՞, թե՞ ոչ, սակայն նկարահանել են ստորգետնյա խողովակ, որով հողաշեղջերի ջրերը Դեբետ են հոսում, ըստ որում խողովակը գործում է միայն գիշերային ժամերին: Այս մասին հայտնել են նաև Շրջակա միջավայրի պահպանության և բնօգտագործման բաժին, որտեղից ստացել են պատասխան՝ Դեբետ գետ հողաշեղջերի ջրերի հոսքը դադարեցված է, սակայն տվյալ պահին հետազոտություններ են կատարվում: 

Քննարկմանը ներկա էր նաև «Էկոլոգիական իրավունք» ՀԿ ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը, ում պնդմամբ Թեղուտի պոչամբարը չպիտի լցված լինի։ Վերջինս մանրամասնեց. «2014թ-ից ի վեր, երբ Թեղուտի հանքավայրը սկսել է շահագործվել, տարեկան առավելագույնը միջին հաշվարկով 25 մլն տոննա հանքաքար է արդյունահանվել։ Պոչամբարի ծավալը, ըստ բնապահպանության նախարարության հաստատած նախագծի, 174 մլն խմ է։ Այսինքն այն ծավալը, որն արդյունահանվել է, որևէ կերպ չէր կարող լցնել պոչամբարն ու բացասական ազդեցություն ունենալ դրա վրա»: 

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը նույնպես ներկա էր հրավիրված քննարկմանը: «Խմբակցությունը մտադիր է Թեղուտի հարցով խորհրդարանական քննիչ հանձնաժողով ձևավորել։ Դրա համար անհրաժեշտ է պատգամավորների 1/4-ի ստորագրությունը, ինչը հեշտ չի լինի, բայց մենք փորձելու ենք, քանի որ Նազարյանի խոսքով` անպատասխան են մնացել բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները կարող են տալ միայն հանձնաժողովի նիստին հրավիրված պատասխանատուները»։

«Համահայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լեւոն Գալստյանը պնդեց, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի դեմ պետք է քրեական գործ հարուցվի: ««Վալլեքս»-ը պետք է փոխհատուցի հասցված բնապահպանական վնասը, քանի որ պոչամբարի թափոնները Դեբետ են բաց թողնվել, մինչդեռ «Թեղուտ» ՓԲԸ-ն դա կատարելու թույլտվություն չուներ: Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը պետք է ընդմիշտ դադարեցվի»,- հավելեց նա:

Վերջինս նաև նշեց, որ շահագործման 4 տարվա ընթացքում Թեղուտի պոչամբարի պատվարի վրա առաջացել են ճաքեր։ Այն կարող է ցանկացած պահի փլվել` անդառնալի հետևանքներ ունենալով հարակից բնակավայրերի ու բնության համար։ 

«Պատվարի վրա ճաք լինելը նշանակում է` դու արդեն անցել ես անվտանգ փուլը, և գալիս է արդեն տեխնածին աղետի պահը»,- մանրամասնեց Լևոն Գալստյանը:

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում