Հետևիցդ արջ էր գալիս, դե մենք էլ արջի ուղղությամբ կրակեցինք... ԴԱԴԻՎԱՆՔԻ ԱՐՋԸ

ԴԱԴԻՎԱՆՔԻ ԱՐՋԸ

1994 թ. սեպտեմբերի վերջերն էր: Որոշել էի մանրամասնորեն չափագրել վանքը: Ինձ հետ էին եղբայրս ու իր կինը: Աշխատանքներն այնպես դասավորեցի, որ քանի օգնականներ ունեի նախապատվությունը տվեցի չափագրությունների` մենակ գլուխ չբերելիք բաժիններին, որոնք մի տաս օրվա մեջ ավարտելուց հետո հրաժեշտ տվեցի օգնականներիս ու գործը սկսեցի շարունակել արդեն միայնակ:

Հոկտեմբերի վերջերին չափագրական գործերս արդեն լիովին ավարտել ու անցել էի ինձ ամենից հոգեհարազատ աշխատանքներին` վիմագրերի ընդօրինակմանը: Աշխատանքային սեղանս և նույն ժամանակ Ա2 չափի վատմանների պահոցս էր ինքնաշեն թղթադարանս, որը պատրաստել էի եկեղեցամերձ ավերակված տանը մնացած կիսակործան զգեստապահարանի թիկունքի «ֆաներայից»: Ի դեպ, կաթողիկե եկեղեցուց հազիվ մի 30 մ հյուսիս-արևելք գտնվող մեկ սենյակից բաղկացած փոքրիկ տունն էլ կացարանս էր:

Վաղուց սպառված վերմիշելին լիուլի փոխարինում էր հոնի կաթուկը, որի մի-երկու բուռը ճաշի տեղ էր տալիս, դե իսկ մոտակա խնձորենիներն էլ ապահովում էին դեսերտի բաժինը: Վանքի հարավ-արևելյան կողմի փոքրիկ ձորակում առատ բերքով ծանրացած մի տանձենի կար: Սրա պտուղները վայելելու մտքով քանի օրը մեկ այցելում էի ծառին, բայց տանձերը քարի պես խակ էին ու այդպես էլ խակ մնացին: Հետո եմ իմացել, որ «էշի տանձ» կոչվող տեսակի տանձերին մինչև ցուրտը չի խփում` չեն հասունանում, մինչդեռ անգետս ակնկալում էի հոկտեմբերին համտեսել:

Նոյեմբերի 2-ից եղանակները խառնվեցին, բայց մոտավորապես դեռ մի շաբաթվա գործ ունեի: Դեռ հուսով էի, թե կավարտեմ, բայց նոյեմբերի 3-ի առավոտը դիմավորեցի ողջ աշխարհը ձյունի տակ անցած: Մինչև կեսօր փորձեցի չկտրվել գործից, բայց ցուրտն իր վճիռը կայացրեց ու ես որոշեցի վերջին մի քանի օրվա գործը թողնել հաջորդ տարվան: Հավաքեցի ուսապարկս և թղթադարանն ու չափագրական ձողերը ձեռքերիս սկսեցի վանքից իջնել: Անտեսանելի և աննկարագրելի թելերով կապվել էի այս վայրին: Երևի դրան նպաստել էր նաև այն, որ շուրջ մեկ ամիս վանքում մեն-միայնակ մնալու ընթացքում ոչ մի մարդ վանք չէր այցելել և ոչ մեկը չէր վրդովել լիակատար մենությունս: Ինչևէ, իջնում եմ վանքից: Ճանապարհս մոտ 7 կմ ձգվում է մինչև Չարեքտարի պահակատունը: Մոտավորապես կեսն անցել եմ, արդեն մթնշաղ է և հանկարծ առջևիցս մեքենայի ձայն եմ լսում: Ահա մոտենում է, հասան ինձ, ես ձեռքով, վարորդը կարճ ազդանշանով բարևում ենք միմյանց: Առանց կանգառի շարունակում են ընթացքը, բայց ինձանից հազիվ մի 10-15 մ անց կտրուկ արգելակում են և անմիջապես կրակահերթ եմ լսում, ապա կարճ դադարից հետո մեքենան կրկին շարժվում է և ձայնը հեռանում:

Ամբողջ ճանապարհին մտածում եմ, թե տեսնես ինչ պատահեց, որ կանգնեցին ու կրակեցին: Վերջապես հասա Չարեքտար: Գրեթե միաժամանակ Չարեքտարի պահակատուն հասավ նաև այն մեքենան, որին ճանապարհին հանդիպել էի: Պարզվեց երկու ֆրանսահայեր շատ էին խնդրել, թե եթե նույնիսկ գիշերով էլ լինի ուզում ենք անպայման տեսնել Դադի վանքը ու իրենց համար էր այդ «վիլիսը» ճանապարհ ընկել, իսկ հարցումիս, թե«ի՞նչ պատահեց, որ ինձ անցնելուց հետո կանգնեցիք ու կրակ բաց արեցիք» պատասխանեցին, բա թե գիտես որ հետևիցդ արջ էր գալիս, երբ մեզ տեսավ թեքվեց գետի կողմը, դե մենք էլ արջի ուղղությամբ կրակեցինք:

Շատ տխրեցի, որ արջի վրա էին կրակել: Չէ որ այդ արջը հաստատ ինձ վնասելու մտադրություն չէր ունեցել: Չէ որ կիլոմետրեր գետի ափով ձգվող ճանապարհով իջնելուս ընթացքում (գետի խշշոցն իհարկե չէր թողնում, որ ես որևէ ձայն լսեի), արջն ընդամենը ուղեկցում էր ինձ: Նրա համար մի երկու ոստյունով ինձ հասնելն ի՞նչ էր, եթե մտքին վատ բան լիներ: Փաստորեն նա Դադի վանքի արջն էր, ով գուցե մեկ ամիս անվերջ տեսել էր ինձ, նկատել էր որ իր ճաշակին մեկն եմ, նույն պտուղներով սնվող խաղաղ մեկը և տեսնելով որ հեռանում եմ` որոշել էր ճանապարհել ինձ, մինչդեռ մերոնք անմիջապես կրակել էին վրան (երանի, որ վրիպած լինեին):
Ահա այսպիսի պատմություն` ինձ ճանապարհող Դադիվանքի արջի մասին:

Հգ. այսօր Մատենադարանում «Դադիվանք» գրքի շնորհանդեսն էր, դե ես էլ սա մտաբերեցի...

 

 

Հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք Սամվել Կարապետյանի ֆեյսբուքյան էջից:

 

Գրառումը ներկայացված է առանց խմբագրման:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում