Իսպանական ընկերությունը հետաքրքրված է «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագրով

Օրերս ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն ընդունել է «ԷՅ-ՍԻ-ԷՍ ԿՈԲՐԱ» (Cobra) ընկերության տարածաշրջանային տնօրեն Ալեխանդրո Ռոդրիգոյի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը դրական է գնահատել իսպանական ընկերության՝ Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերին մասնակցության պատրաստակամությունը: Ալեխանդրո Ռոդրիգոն Աշոտ Մանուկյանին ներկայացրել է իր ղեկավարած ընկերության գործունեությունը և խոսել զարգացման առաջնահերթությունների մասին, ինչպես նաև քննարկել Հայաստանի հետ էներգետիկայի բնագավառում համագործակցության ծրագրերը:

Նա ընդգծել է, որ աշխարհի տարբեր երկրներում ավելի քան 300 մասնաճյուղեր ունեցող «ԷՅ-ՍԻ-ԷՍ ԿՈԲՐԱ» ընկերությունը գործունեություն է ծավալում նաև էներգետիկայի բնագավառում, մասնավորապես՝ մասնագիտացած է հիդրոկայանների, արևային կայանների, էլեկտրահաղորդման գծերի կառուցման գործում: Ալեխանդրո Ռոդրիգոն նշել է, որ ընկերությունը հետաքրքրված է «Մեղրի» ՀԷԿ-ի կառուցման ծրագրով:

Աշոտ Մանուկյանը մանրամասներ է ներկայացրել հիդրոկայանի կառուցման ծրագրի վերաբերյալ: Նախարարն ընդգծել է, որ իրանցի գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համապատասխան ֆինանսավորման դեպքում, հայկական կողմը ևս կարող է մասնակիցներ ներգրավել նախագծում։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում