Վարչապետը ֆիքսում է՝ «ոչ մի բան չենք անում»

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Վարչապետի հանձնարարականներից մեկը վերաբերում էր շրջակա միջավայրի մոնիթորինգին: «Բնապահպանության նախարարության կողմից եռամսյակային կտրվածքով ներկայացվում են շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ հետազոտություններ, որոնք պարունակում են հանրապետության տարբեր բնակավայրերի մթնոլորտային օդի, հողերի և ջրերի աղտոտվածության, սահմանաչափերի գերազանցման վերաբերյալ տեղեկություններ։ Միաժամանակ, նշված հետազոտությունները չեն պարունակում արձանագրված խնդիրների, պատճառների և դրանց վերացման վերաբերյալ վերլուծություններ, իսկ օրենսդրությամբ լիարժեք սահմանված չեն արձանագրված խնդիրների նվազեցման կամ լուծման պարտադիր պայմաններ և գործուն մեխանիզմներ», - նշել է Կարեն Կարապետյանը և հանձնարարել բնապահպանության նախարարին 1-ամսյա ժամկետում ապահովել շրջակա միջավայրի մոնիթորինգի արդյունքներում արձանագրված խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ վերլուծության իրականացումը, ինչպես նաև կառավարության աշխատակազմ ներկայացնել դրանց կատարումն ապահովող գործիքակազմի վերաբերյալ առաջարկություններ։

Ըստ անհրաժեշտության հարցը կքննարկվի նաև շահագրգիռ այլ մարմինների հետ։ Տարածքային կառավարման և զարգացման նախարարին հանձնարարվել է ձեռնարկել միջոցներ համայնքների կողմից, բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի մոնիթորինգի արդյունքում վերհանված խնդիրների նվազեցման և բնապահպանական վիճակի բարելավման ուղղությամբ։

«Մենք բնապահպանության նախարարության հաշվետվությունը լսելու ժամանակ արձանագրել ենք, որ գոյություն ունեն համայնքներ, որտեղ տարեցտարի նախարարությունը նույն եզրակացությունն է անում, բայց այդ նյութից հասկանալի չէ՝ համայնքապետն ինչ պետք է անի, դրա պատճառը որն է: Այսինքն՝ մենք ֆիքսում ենք, ոչ մի բան չենք անում, հաջորդ տարին գալիս է՝ կրկին ֆիքսում ենք: Հանձնարարականի երկրորդ կետի կատարման համար խիստ անհրաժեշտ է, որպեսզի առաջին կետը լինի հաշվելի, հասկանալի», - ասել է Կարեն Կարապետյանը՝ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարելով խնդիրը հստակ ձևակերպել:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում