Աֆրիկայում առյուծները որսագող են կերել

«Ռեյնջեր-որսագող» հակամարտության մեջ ոչ միշտ է հաղթում բնության պաշտպանը: Չնայած ամբողջ աշխարհում կենդանիների պաշտպանությանն ուղղված միջոցառումների շնորհիվ հաջողվում է կրճատել ռիսկի գործոնը, սակայն վայրի բնությունը շարունակում է վտանգի տակ մնալ: Ինչպես տեղեկանում ենք «National Geographic»-ից, 2017թ.-ին միայն Հարավային Աֆրիկայում սպանվել է 1028 ռնգեղջյուր: 

Նմանատիպ տագնապալի իրավիճակում են գտնվում նաև առյուծները, սակայն երբեմն նրանց հաջողվում է վրեժխնդիր լինել: Հունվար ամսին Զիմբաբվեի ազգային պարկում 20 առյուծից բաղկացած խումբը հարձակում է գործել 10 որսագողերի վրա: Չնայած որսագողերը զինված են եղել Կալաշնիկով տեսակի զենքով, առյուծներն այնքան կազմակերպված են գործել, որ մարդկանց չի հաջողվել անգամ մեկ կրակոց արձակել:

Արդյունքում, 5 մարդ մահացել է, 3-ը ծանր վնասվածքներ են ստացել, իսկ 2-ը՝ համեմատաբար թեթև: Այն դեպքում, որ կենդանիներն ընդհանրապես չեն վնասվել: Ողջ մնացած որսագողերն ապաքինվելուց հետո կանգնելու են դատարանի առջև: Զիմբաբվեում նման իրավախախտման համար սահմանված պատիժը կազմում է 25 տարի բանտարկություն և տուգանք 100 000 դոլար չափով: 

Փետրվար ամսին այսպիսի տխուր ճակատագրի է արժանացել ևս մեկ որսագող «Ingwelala Private Nature Reserve» կոչվող մասնավոր արգելոցի տարածքում, որը գտնվում է Կրյուգեր ազգային պարկի մոտակայքում: Ռեյնջերները հայտնաբերել են 46-ամյա տղամարդու ցրիվ տված մնացորդները: Մարմնի գրեթե բոլոր մասերը, բացառությամբ գլխի, կերել էին: Ընդ որում, նրա այցի պատճառը կասկածի տեղիք չէր տալիս, քանի որ նրա մոտ հայտնաբերվել էր նաև հրացան: Իրավապահ մարմիններին հայտնի չէ, թե ինչ կենդանի էր պատրատվում սպանել որսագողը, քանի որ տվյալ տարածքը հարուստ է կենդանական աշխարհի տարբեր տեսակների ներկայացուցիչներով: Առյուծների պահանջարկը ևս մեծ է. նրանց ճանկերն ու ժանիքները հաճախ կիրառվում է ավանդական բժշկության մեջ: 

Թարգմանությունը՝ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում