«Տաշիր Կապիտալ»-ը նավթ և գազ կորոնի Երևանում

«Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ն նախատեսում է 2018-2023թթ որոնողական աշխատանքներ իրականացնել ՀՀ տարածքի 2-րդ պայմանական բլոկներում` Երևան քաղաքում, ամբողջ Արմավիրի, Արագածոտնի մարզերում, մասնակիորեն` Արարատի, Կոտայքի և Շիրակի մարզերի տարածքներում: : Ընկերությունը նավթ և գազ որոնելու երկրորդ հայտն է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարություն:

Ըստ հայտնի որոնողական աշխատանքների ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 7250 քկմ: Տվյալ տարածքում է գտնվում նաև 9 բնության հատուկ պահպանվող տարածք` Կարմիր գրքի տեսակներով. «Խոսրովի անտառ», «Էրեբունի», պետական արգելոցները, «Խոր Վիրապ» Մրտավարդենու, Մարգահովիտի, Արագածի ալպիական, Արզական-Մեղրաձորի, Որդան կարմիր և Հանքավանի ջրաբանական պետական արգելավայրերը: 1-ին փուլի երկրաֆիզիկական մեթոդներով իրականացվելիք աշխատանքները կատարվելու են բնության հատուկ պահպանվող տարածքների սահմաններից դուրս: Որևիցե ազդեցություն պահպանվող էկոհամակարգերի վրա չի դրսևորվելու: 

Հայտի վերաբերյալ երեք տարբեր մարզերում նշանակված են անցկացվելիք հանրային լսումների օրերը: 1-ին լսումը կանցկացվի փետրվարի 14-ին` ժամը 11:00-ին, Կոտայքի մարզի Եղվարդի քաղաքապետարանի շենքում, 2-րդը՝ փետրվարի 15-ին` ժամը 14:00-ին, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում` մարզպետարանի շենքում, 3-րդ լսումը ևս կանցկացվի փետրվարի 15-ին, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում` մարզպետարանի շենքում, ժամը 11:30-ին:

Ուշագրավ է նաև, որ 2-րդ բլոկի տարածքի խոշորագույն ջրագրական միավորները Հրազդան, Քասախ և Արաքս գետերն են: Հայտում նշվում է, որ ջրային ռեսուրսների աղտոտում տեղի չի ունենա, քանի որ երկրաֆիզիկական մեթոդներով ուսումնասիրության աշխատանքների տեխնոլոգիայով արտահոսքեր չեն նախատեսվում: Բուսական և կենդանական աշխարհի վրա ազդեցությունն էլ գնահատվում է գրեթե զրոյական:

Նշենք նաև, որ «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ն ընդամենը 4 ամսվա գործունեության փորձ ունի: 2017թ.-ի նոյեմբեր ամսին նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրության հայտ էր ներկայացրել նաև ՀՀ տարածքի 1-րդ և 3-րդ պայմանական բլոկներում` Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերի 8775 քկմ ընդհանուր տարածքում: Այս հայտը ներկայում անցնում է բնապահպանական փորձաքննություն:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում