Հայաստանում ջրագողներին կնկարահանեն ՊՆ անօդաչու թռչող սարքերով

Հայաստանի գյուղատնտեսական տարածքներում Ջրային տնտեսության պետական կոմիտեն ՊՆ անօդաչու թռչող սարքերով նկարահանումներ կիրականացնի։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը: Նկարահանումները կսկսեն իրականացվել առաջիկա գարնանը: «Սպասում ենք` գարունը բացվի, որպեսզի կանաչ լինի և ֆիքսվի` որտեղ է մշակվող հողատարածությունը, և մարդիկ գնան, տեղում գույքագրեն ու, եթե հարկ լինի, բերեն օրինական դաշտ»,- մանրամասնեց կոմիտեի նախագահը։

Վերջինս հայտնեց նաև, որ Հայաստանում ոռոգվող հողերի տերերը լրացուցիչ չեն վճարի ջրի գերնորմատիվային ծախսերի դիմաց: Նրա խոսքով՝ ջրամատակարարման համակարգի այս բաժանորդները կվճարեն նույնքան, որքան վճարում են հողամասերի տերերը, որոնք բերքի միևնույն ծավալի աճեցման համար ջրի գերնորմատիվային ծախսեր չեն պահանջում: Սա անհրաժեշտ է հողերի մրցունակությունն ապահովելու համար: 

Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեն մտադիր է նաև 2018թ.-ին ջրաչափեր տեղադրել բոլոր հիմնական և երկրորդային ոռոգման ջրատարների վրա: «Մենք մոնիտորով կկարողանանք վերահսկել, թե որ պահին որ ջրանցքով որքան ջուր է հոսում»,- նշեց Արսեն Հարությունյանը։ 

Նախատեսվում է նաև ոռոգման համակարգի արդիականացման ծրագրի համար Եվրասիական զարգացման բանկից 50 մլն եվրոյի վարկ է ստանալ։ 

2017թ-ին կոմիտեի աշխատակիցները բացահայտել ու օրինական դաշտ են վերադարձրել 8930 հա ապօրինի ոռոգվող հողատարածքներ։ Կոմիտեի նախագահի գնահատմամբ կոմիտեն անցած տարի «ռեկորդային ծավալի ոռոգման վարձավճարներ է հավաքագրել». 4 մլրդ 150 մլն դրամ, ինչը 380 մլն դրամով գերազանցել է 2016թ-ին հավաքագրված գումարի չափը: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում