Նմուշառում է կատարվել նաև Շնողից. ինչ է կատարվում «Թեղուտ» ՓԲ-ում

«Թեղուտ» ՓԲԸ պոչամբարից արտահոսվող թունավոր թափոնների մասին տեղեկությունը ստուգելու նպատակով նմուշառում է իրականացվել ոչ միայն Դեբեդից, այլ նաև Շնող գետից: Այս մասին մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը:

Նշենք, որ օրերս տեղեկություն տարածվեց «Թեղուտի» հանքի պոչամբարի վնասված լինելու մասին, ինչի հետևանքով էլ թունավոր թափոնները լցվում են Դեբեդ գետ: Տեղեկության  տարածումից բարձրացված զանգվածային անհանգստությանն արձագանքեց Բնապահպանության և ընդերքի տեսչկական մարմինը՝ հայտնելով, որ Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման աշխատակիցներն այցելել են «Թեղուտ» ՓԲ ընկերություն, զննել են պոչամբարի տարածքը: Նախնական ուսումնասիրությամբ պոչամբարի պատվարի վրա որևէ ճաք կամ վթարային իրավիճակ, ինչպես նաև պոչամբարից արտահոսքի հետք դեպի շրջակա միջավայր չի հայտնաբերվել: 

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Դեբեդ գետից լրացուցիչ կատարել են նմուշառում՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզելու՝ արդյոք գետի մեջ վտանգավոր նյութ առկա է, թե` ոչ:

Ի դեպ, տեղի բնակիչներից մի քանիսի պնդմամբ «Թեղուտ» ՓԲ ընկերությունը դադարեցրել էր աշխատանքները, ինչին ի պատասխան ընկերությունից հայտնեցին՝ «2018թ. հունվարի 12-ից դադարեցրել է պղնձի և մոլիբդենի խտանյութի արտադրությունը՝ պլանային-կանխարգելիչ վերանորոգման աշխատանքների նպատակով։ Աշխատանքների դադարը կարող է տևել 2 ամիս և ավելի, քանի որ այդ ժամանակահատվածում պետք է լուծվի նաև պոչամբարի մեջ լցվող պոչանքների տեխնոլոգիական պարամետրերը նոր ստանդարտներին համապատասխանեցնելու խնդիրը»:

Հիշեցնենք, որ տեղեկություններ են շրջանառվում Դեբեդ գետ լցվող թունավոր թափոնների նաև այլ աղբյուրի մասին: Խոսքը «Ախթալայի ԼՀԿ» մասին է: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակում է ստուգումներ իրականացնել «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում սկսած այս տարվա հունվարի 16-ից: Հունվարի 24-ին ԱԺ պատգամավորներ Գևորգ Գորգիսյանն ու Լենա Նազարյանն այցելել են Լոռի՝ պարզելու համար, թե ճշմարտացի են արդյո՞ք համացանցում և լրատվական դաշտում շրջանառվող տեղեկությունները Դեբեդ լցվող քիմիական թափոնների մասին:  

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում