Նախատեսվում է կեղտաջրերի կրկնակի օգտագործում. նոր օրենսդրական փաթեթ ԱԺ-ում

Հունվարի 12-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարդևան Գրիգորյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել է կառավարության հեղինակած օրենսդրական փաթեթը, որը փոփոխություններ և լրացումներ է նախատեսում ՀՀ ջրային օրենսգրքում, «Լիցենզավորման մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում:

Նախագծերը միտված են ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ոլորտում առկա հիմնախնդիրների լուծմանը, շրջակա միջավայր արտանետվող կեղտաջրերի աղտոտման ծավալների նվազեցմանը:

Ըստ հիմնական զեկուցող բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի՝ առաջարկվող օրենսդրական փոփոխություններով կկարգավորվեն ջրահեռացման հետ կապված իրավահարաբերությունները, կսահմանվեն կեղտաջրերի ու ջրահեռացման համակարգերի տեսակները և ըստ վերջիններիս՝ կեղտաջրերի հեռացմանը, մաքրմանը և մոնիտորինգին ներկայացվող պահանջները: Նախատեսվում է կեղտաջրերի կրկնակի օգտագործում՝ օրենսդրությամբ թույլատրելի նպատակներով՝ համապատասխանեցնելով որակի պահանջվող նորմերին:

Հարակից զեկուցող, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արամ Հարությունյանն առաջարկել է ջրահեռացման և ջրամաքրման գործառույթները մեկտեղել՝ իրականացնելով պիլոտային ծրագիր:

Հանձնաժողովն օրենսդրական փաթեթին տվել է դրական եզրակացություն՝ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում