Ինչպես և ինչու են Ասիայում շարունակում դաժանորեն տանջել արջերի (տեսանյութ)

Մարդու համար արջի լեղապարկում կուտակվող հեղուկի (լեղի) օգտակարության մասին գիտական փաստեր գոյություն չունեն, սակայն Ասիայում շարունակում են հավատալ դրա բուժիչ հատկություններին: Ենթադրվում է, որ այն օգտակար է վարակների, բորբոքումների դեպքում, ինչպես նաև մարսողական և մի շարք այլ խնդիրների առկայության պարագայում: Լեղիի նկատմամբ պահանջարկը շարունակում է բարձր մնալ և դրա ստացման նպատակով հիմալայան, մալայական և այլ տեսակի արջերին պահում են նեղ վանդակներում և ենթարկում դաժան փորձությունների: 

Լեղիի ստացման մի քանի տարբերակ գոյություն ունի, որոնցից յուրաքանչյուրի դեպքում անհրաժեշտ է վիրահատական միջամտություն: Առավել հաճախ ծակում են կենդանու լեղապարկն ու այնտեղ տեղադրում կաթետեր, ինչը հնարավորություն է տալիս լեղի ստանալ օրվա մեջ մի քանի անգամ: Ֆիզիկական ցավից բացի արջերը ենթարկվում են ուժեղ սթրեսի և մահանում են ժամանակից շուտ: 

Վիետնամում այս գործելակերպն արգելված է 1992թ.-ից, սակայն պետական համապատասխան վերահսկողության բացակայության արդյունքում երկրում գործում են շուրջ 400 անօրինական ֆերմաներ, որտեղ պահվում են 1300 արջեր:

Բոլորովին վերջերս «FOUR PAWS» նախաձեռնությանը հաջողվեց փրկել 4 հիմալայան արջերի, որոնցից ամենավատ վիճակում էր գտնվում Hai Chan անունով կենդանին: Այս արջից լեղի էին ստացել գրեթե 10 տարի, ինչը առավելագույն ժամանակահատվածն է, որից հետո կենդանու թուլացած մարմինն այլևս ունակ չէ պայքարելու կյանքի համար: Բացի այդ անդամահատված էին նաև կենդանու վերին վերջույթները, ինչը ևս հանդիսանում է ավանդույթային հավատամքի հետևանք: Արջերի թաթերի օգտագործմամբ Ասիայում պատրաստվում է «բուժիչ» և շատ թանկարժեք գինի: 

Ներկայումս փրկված կենդանիների այս խմբին ոչինչ չի սպառնում, իսկ կտրված թաթերով արջը հնարավորություն է ստացել դուրս գալ կանաչ խոտի վրա և հաճույքով կարողացել է սողալ: Սա հույս է տալիս, որ կենդանուն հնարավոր կլինի դուրս հանել հոգեբանական ընկճված վիճակից:

Թարգմանությունը՝ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում