Չի կարող լինել տնտեսական որոշում՝ անտեսելով բնապահպանականը և հակառակը. Արծվիկ Մինասյան

Այսօր Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ամփոփեց նախարարության կատարած աշխատանքները: Նախարարն իր խոսքում ասաց, որ 2017թ.-ի մեկնարկին ախտորոշվեցին այն խնդիրները, որոնց ուղղությամբ պետք է ձեռնարկվեն գործողություններ, նաև Կառավարության ծրագրում ամրագրվեցինք մի շարք գործողություններ մինչև 2022թ.-ը: «Եթե ընդհանուր գնահատելու լինեմ, ապա դրանք ընթանում են ժամանակի մեջ և իրենց ծավալին համապատասխան: Մենք ունենք առարկայական և էական արդյունքներ: Միայն այն փաստը, որ կարգավորման միասնական քաղաքականության բացով պայմանավորված մենք օրենսդրական բարեփոխումներ սկսեցինք, արձանագրում է այս պահին հետևյալը՝ 6 տասնյակից ավել միայն իրավական ակտերի նախագծեր գտնվում են edraft-ում, իսկ դա նշանակում է, որ մեր կողմից հայտարարված քաղաքականությունն ընթացքի մեջ է և չենք նահանջել այս ընթացքից»: 

Նախարարն իր խոսքում կարևորեց բնապահպանական և տնտեսական որոշումները հավասարակշռելու հանգամանքը: «Կիրառական դաշտում մենք ունեցել ենք չափազանց մեծ ձեռքբերումներ կապված տնտեսական և բնապահպանական որոշումները հավասարակշռելու հետ, ինչպես, օրինակ, Շաքիի ջրվեժի փաստն է: Այստեղ մենք փոխեցինք ջրօգտագործման ռեժիմը՝ նպատակ ունենալով հավասարակշռել բնապահպանական և տնտեսական շահը»,- նշեց նախարարը:

Ըստ նրա, այժմ համոզված կարող ենք պնդել, որ այն մոտեցումը, որ ժամանակին անընդհատ բարձրաձայնվում էր, թե տնտեսական որոշումները հակադրվում են բնապահպանականի հետ և հակասության մեջ են մտնում, իրականում ցանկացած դեպքում հնարավոր է գտնել հավասարակշռված որոշում:

«Սա մեր զարգացման հիմնական կետը պետք է լինի: Չի կարող լինել տնտեսական որոշում՝ անտեսելով բնապահպանականը և չի կարող լինել բացարձակապես բնապահպանական որոշում առանց նկատի առնելու տնտեսական կամ սոցիալական հատվածը: Անհնար է այդպիսի բան, երկուսն էլ ձախողման են դատապարտված: Եթե միայն տնտեսական մտածողությամբ շարժվենք, ապա հետևանքը շատ ավելի ծանր է լինելու երկրի, հասարակության համար, որովեհտև ավելի շատ պետք է վճարես հետո վերականգնելու և շրջակա միջավայրում բարեփոխումները հավուր պատշաճի իրականացնելու համար: Նաև երկրորդը. եթե հայտարարում ենք բացարձակ բնապահպանական ծրագիր, առանց նկատի առնելու, որ կան տնտեսական շահեր, սոցիալան խնդիր անպայման սա բերելու է խնդիրների, կենսառեսուրսների նկատմամբ գերշահագործման և, առանձին դեպքերում, վայրագ վերաբերմունքի: Հավասարակշռված որոշումը մեր քաղաքականության կենտրոնում է եղել և շարունակելու է լինել, որովհետև 2018թ.-ին մենք մեծ անելիքներ ունենք ոլորտում միասնական հիմնարար փոփոխություններ իրականացնելու համար: Արդեն Կառավարության մի շարք ծրագրերով ամրագրված է, որ նախարարությունն իր գործառույթները պետք է վերանայի, այն պետք է ամբողջանանա, լիարժեքորեն ու խորությամբ կրի պատասխանատվություն շրջակա միջավայրի միասնական քաղաքականության իրականացման ուղղությամբ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում