Ինչո՞ւ «անհետացան» Գնիշիկ պահպանվող լանդշաֆում որսագողության հետքերի ապացույցները

«Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտում հայտնաբերված որսագողության հետքերի գործով Ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: Այս մասին մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից՝ հավելելով, որ հրապարակումն ուսումնասիրվում է:

Նշենք, որ ԳՊԼ ֆեյսբուքյան էջում հրապարակվել էր. « ...«Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտում հայտնաբերվել են որսագողության հետքեր, որոնք ներկայացնում ենք լուսանկարների միջոցով: Ուշադիր զննելով նկարները կտեսնեք շրջանաձև լարեր, որոնց օգնությամբ պատրաստում են թակարդներ, ուստի կենդանին տվյալ տարածքով անցնելիս արգելափակվում է և դառնում որսագողերի հերթական զոհը»:

Ուշագրավ է, որ դեկտեմբերի 18-ի մեր հրապարակումից հետո պահպանվող լանդշաֆտի ֆեյսբուքյան էջից հեռացվել է տվյալ գրառումն ու լուսանկարները:

Հիշեցնենք նաև, որ ԳՊԼ տնօրինությունը «զգուշացնում» էր՝ տարածքում տեղադրված են տեսախցիկներ, և նման դեպքերի հայտնաբերման դեպքում տեսանյութերը կդառնան հրապարակային ու կներկայացվեն վարչական պատասխանատվության:

Այնուամենայնիվ, նման խիստ հայտարարությունից հետո, տվյալ գրառումն ու լուսանկարներն ինչ-ինչ պատճառներով անհետացան ԳՊԼ ֆեյսբուքյան էջից: Մենք փորձեցինք ճշտել, թե ինչ է տեղի ունեցել իրականում և կապ հաստատեցինք «Գնիշիկ պահպանվող լանդշաֆտ» հիմնադրամի տնօրեն Արուս Ներսիսյանի հետ:

Վերջինս լուսանկարների և գրառման «անհետացումը» պատճառաբանեց տեխնիկական խնդիրների առկայությամբ, իսկ մեր հարցերին հրաժարվեց պատասխանել՝ ասելով, թե զբաղվածության պատճառով կարող է պատասխանել միայն գրավոր հարցերին: Նա նշեց միայն, որ Ոստիկանությունը դեռ կապ չի հաստատել իրենց հետ:

Նշենք, որ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքում հրապարակված նյութն արդեն իսկ լայն տարածվել է տարբեր ԶԼՄ-ներով, ուստի ցանկանում ենք հրավիրել ՀՀ ոստիկանության, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ բնապահպանության նախարարության ուշադրությունն այս դեպքի շուրջ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում