Այո՛, դինամիկան երկար ժամանակ է, ինչ բացասական է. Նախարարը՝ Սևանի բացասական հաշվեկշռի մասին

«Ես կարծում եմ՝ հաշվեկշիռը հաշվարկում ենք հունվարի 1-ից մինչ մյուս տարվա հունվարի 1-ը: Եկեք չշտապենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Սևանա լճի հաշվեկշռի բացասական լինելու մասին տեղեկություններին:

Հիշեցնենք, որ 2017թ.-ի դեկտեմբերի 18-ի դրությամբ լճի մակարդակը 6 սմ-ով ցածր է 2016թ-ի դեկտեմբերի 18-ի մակարդակից: Այն 1900.48 մ-ից իջել է՝ հասնելով 1900.42 մ-ի: Սևանա լճի մակարդակը 2017թ-ին հասած իր ամենաբարձր նիշից` 1900.91մ-ից ընդհանուր առմամբ իջել է 49 սմ-ով: 

Նշենք, որ այսօր ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելքի ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի իրականացնելիք համատեղ միջոցառումները և նախատեսված փոխգործակցության մեխանիզմները:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գեներալ Սամվել Հովհաննիսյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը, «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը, պատասխանատու գերատեսչությունների ստորաբաժանումների և Սևանա լճի հարակից համայնքների ղեկավարները: Նախարարը մանրամասնեց՝ ասելով.

- Այո՛, դինամիկան բավական երկար ժամանակ է, ինչ բացասական է՝ «-2»-ից մինչև «-6» տատանվում է: Ի դեպ, ասեմ, որ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունն այդպիսի կանխատեսում տվել էր, բայց բերեք այդ հարցին անդրադառնանք հունվարի 1-ին: Այդ դրությամբ կունենանք արդյունքը, որպեսզի կարողանանք ավելի ճշգրիտ խոսել: Մենք պետք է սպասենք նաև հիդրոմետ ծառայության կանխատեսումներին, որովհետև, ինչպես գիտեք, Սևանա լճի մասին օրենքի համաձայն իրենք պետք է տան կանխատեսումներ, ինչպիսի մակարդակ ենք մենք ունենալու: Առաջարկում եմ ձեզ սպասել մի քիչ:

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում