Նախարարությունն աջակցում է բնապահպանական խնդիրներով մտահոգ ակտիվ երիտասարդներին

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի հերթական նիստը: Խորհրդի կազմում ընդգրկված բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և հրավիրված փորձագետները քննարկել են նաև Հայաստանում բնապահպանական մշակույթի ձևավորման հիմնահարցերը: 

Նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը ներկայացրել է Հայաստանում էկոմշակույթի ձևավորմանն ուղղված նախարարության մշակած հայեցակարգը: Վերջինս վերլուծել է Հայաստանում բնապահպանական մշակույթի ներկա վիճակը և տեղեկացրել այդ ուղղությամբ գերատեսչության իրականացրած միջոցառումների մասին: Ներկայացնելով խնդրի պատճառների վերաբերյալ դիտարկումները` Արծրուն Պեպանյանը նշել է, որ հասարակության մոտ բնապահպանական մշակույթի ձևավորմանը նպաստելու համար իրականացվում են էկոկրթական և հանրային իրազեկման ծրագրեր, մշակվել է Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարությունը, ձևավորվել է «Պատանի բնասեր» ակումբը, Հայաստանի նկարիչների միության հետ կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակներում արդեն իրականացվել են մի շարք միջոցառումներ, էկոկրթական բազմաթիվ ծրագրեր են իրականացվում դպրոցականների և ոլորտում որոշում ընդունողների շրջանում:

Նախարարությունն աջակցում է բնապահպանական խնդիրներով մտահոգ ակտիվ երիտասարդներին, ովքեր խումբ են ձևավորել և նպատակային գործունեություն են ծավալում բնապահպանական հիմնահարցերի վերհանման և լուծումներ գտնելու ուղղությամբ: Գերատեսչությունը նաև աջակցում է բնապահպանական թեմաներով գրող լրագրողների կողմից ձևավորած «Էկո-մեդիա ցանցին»` նրանց համար կազմակերպելով սեմինարներ և այցեր բնության հատուկ պահպանվող տարածքներ` նպատակ ունենալով միասնաբար մշակել և իրականացնել բնապահպանական մշակույթի ձևավորմանը նպաստող ծրագրեր:

Շահագրգիռ քննարկում է ծավալվել Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարության նախագծի շուրջ: Արձագանքնելով հասարակական խորհրդի անդամների ելույթներին` նախարար Արծվիկ Մինասյանն առաջնային է համարել ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության միջոցով հասարակության լայն շերտերի մոտ բնապահպանական մշակույթի ձևավորումը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում