Միջազգային կառույցը հետաքննում է, թե ինչպես են դելֆինները հայտնվել Դիլիջանում. The Dodo

«Դելֆինները պետք է լինեն օվկիանոսում: Դրա փոխարեն նրանք հայտնվել են հյուրանոցի փոքրիկ լողավազանում, որտեղ նրանք կարող են միայն շրջանաձև առաջ և հետ լողալ»,- այսպես է սկսում լայն ճանաչում ունեցող միջազգային «The Dodo» կայքի հոդվածը Դիլիջանի դելֆինների մասին: Կայքը հանդիսանում է բնասերների թվային մեդիա բրենդ:

Կայքը գրում է, որ «Marine Connection»-ի համահիմնադիր Մագո Դոդսն առաջին անգամ իմացել է դելֆինների գոյության մասին՝ հաճախորդից, որն այցելել է Դիլիջանի «Best Western Paradise» հյուրանոց: Նա պատմել է, որ այցելուն տեսել է ընդամենը լողավազան, որն անչափ նման է եղել մարդկանց համար նախատեսված լողավազանի, որը հետագայում վերածվել է երկու դելֆինների ապրելավայրի: 

Կայքը գրում է նաև, որ դելֆինները պատկանում են ռուսական «Star of Sea» (Морская звезда) ընկերությանը, որը դելֆինաթերապիա է անցկացնում նաև Սոչիում, Ռուսաստանում: 

Այժմ «Ծովային միությունը» (Marine Connection) հետաքննում է, թե ինչպես է այս ընկերությունը ձեռք բերել դելֆիններին: 

Հոդվածին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այս հղումով:

Նշենք, որ մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում «Best Western Paradise Hotel Dilijan»-ի տնօրեն Վահագն Հարությունյանն ասել է, որ նոյեմբերի 1-ից Դիլիջանի «Best Western Paradise» հյուրանոցը ոչ մի կապ չունի «Դելֆինաթերապիա Դիլիջանի» հետ: «Դելֆինարիումը հյուրանոցին կից առանձին կառույց է, որն ունի առանձին հիմնադիր, սեփականատեր: Մինչ այժմ մեզ կապել էր հյուրանոցում առկա մուտքը դեպի դելֆինարիում, որն արդեն փակ է: Մեր հյուրերի համար փակ է: Հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը հյուրանոցը պարզապես զբաղվել էր նրանց վաճառքի և մարքեթինգի մասով, ինչը նոյեմբերի 1-ից դադարեցվել է: Այն առանձին ՍՊԸ է, իր առանձին ռեկվիզիտներով, առանձին հիմնադիր տնօրենով, կանոնադրությունով»,- մանրամասնել է նա: 

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում