Արծվիկ Մինասյանն ընդունել է Եվրոպայի անդամ երկրների կոնսորցիում ծրագրի ղեկավարին

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է «Արևելյան համագործակցության Եվրոպայի ջրային նախաձեռնություն պլյուս» (EUWI+) Եվրոպայի անդամ երկրների կոնսորցիում ծրագրի ղեկավար Մայքլ Սուտերին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Վահագն Խաչատրյանը, «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սիմոն Պապյանը, Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանը և այլ ստորաբաժանումների ղեկավարներ: Հանդիպման նպատակն էր քննարկել մեկնարկող EUWI+ ծրագրի բաղադրիչները:

Ողջունելով հյուրին և կարևորելով առաքելությունը, որով վերջինս ժամանել է Հայաստան` ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը, մասնավորապես` ՀՀ բնապահպանության նախարարությունը ձգտում է ջրային ոլորտի կառավարման բնագավառում հասնել լավագույն արդյունքների և այդ առումով կարևորել է դրան ուղղված Եվրամիության աջակցության ծրագիրը: Բնապահպանության նախարարը մեկնարկող ծրագիրը դիտարկել է նոյեմբեր ամսին Հայաստան-ԵՄ ընդլայնված և համապարփակ համաձայնագրի ստորագրման համատեքստում, որում շրջակա միջավայրի պահպանությունը և հատկապես ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն առանցքային հարցեր են: Նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ ոլորտում իրականացվում են նաև այլ աջակցության ծրագրեր և խնդիր կա դրանք համադրել մեկ ամբողջության մեջ` ծրագրից առավելագույն արդյունք ստանալու համար: Դրա համար անհարժեշտ է դիտարկել ջրային ոլորտի բոլոր բաղադրիչները` հաշվառուման, գնահատման, մոնիթորինգի կարողությունների հզորացումը, կատարյալ ջրավազանային կառավարման պլանների մշակումը, Սևանա լճի ինքնատիպ և արժեքավոր ջրային էկոհամակարգի պահպանությունը, ձկնաբուծական տնտեսությունների համար Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ավազանից տարեկան մոտ 800 մլն մ³ ծավալը ոռոգման երկրորդական նպատակով օգտագործման անհրաժեշտությունը, ջրատար համակարգերի կատարելագործումը:

Մայքլ Սուտերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նկատել է, որ ծրագիրը ԵՄ արևելյան գործընկերության երկրների շրջանակներում է իրականացվում և հանդիսանում է նախորդ ծրագրերի շարունակությունը: Նախորդ ծրագրերը իրականացրել են միջազգային խորհրդատվական կազմակերպությունները` հատկացնելով տեխնիկական աջակցություն, այս դեպքում Եվրամիության երկրներն են դրանք իրականացնում, որպես երկրների միջև գործընկերային հարաբերություն: Եվրոպայի անդամ երկրների կոնսորցիում ծրագրի ղեկավարը նախապատրաստական փուլում հայկական կողմի հետ համագործակցության մակարդակը բարձր է գնահատել, ինչը կնպաստի ծրագրի արդյունավետ իրականացմանը` հավելելով, որ ծրագիրն այս փուլում ճկուն է և նախատեսված բյուջեն ըստ երկի պահանջների կարող է վերանայվել:
Հանդիպման ավարտին ՀՀ բնապահպանության նախարարը շեշտել է, որ շահագրգռված է ծրագրի արդյունավետ իրականացման մեջ, որպեսզի այն ապահովի նմանատիպ ծրագրերի շարունակականությոնը և օրինակելի լինի այլ երկրների համար:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում