Ամբողջությամբ անցնում ենք ձմեռային ռեժիմի. Գագիկ Սուրենյան

Դեկտեմբեր 6-ի ցերեկը և դեկտեմբերի 7-ին Հայաստանը կգտնվի Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։ Դեկտեմբերի 6-ին ցերեկը հանրապետության տարածքում կսկսվեն տեղումներ, տեղումները Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային գոտիներում կլինեն ձյան, իսկ մյուս շրջաններում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 6-ին երեկոյան ժամերից հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված արդեն Հայաստանի տարածքում կտեղա ձյուն։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումները աստիճանաբար կդադարեն, դրանք կպահպանվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում։

Դեկտեմբերի 8-ին Սև ծովի շրջաններից Հայաստան կներթափանցի մեկ այլ ցիկլոնային դաշտ, որի արդյունքում կրկին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն։

Արարատյան դաշտում և Երևանում կրկին նկատվում է սառը օդի լճացում, այս երևույթը զգալիորեն թուլացնում է տեղումնաբեր ցիկլոնների ազդեցությունը Արարատյան գոգավորության և նրա նախալեռնային գոտիներում։ Պայմանավորված այս հանգամանքով, Երևանում և Արարատյան դաշտում սպասվող տեղումների տեսքի և ինտենսիվության վերաբերյալ ստույգ տեղեկատվություն կհայտնենք վաղը առավոտյան։

Դեկտեմբերի 6-7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը 6-ի ցերեկը, 07-10-ին՝ աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Ելնելով այդ օրերին սպասվող անբարենպաս եղանակային պայմաններից խորհուրդ ենք տալիս երթևեկել միայն ձմեռային անվադողերով։

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում