Արջը ճաղավանդակները կրծելով կոտրել է ատամները. «ԷԼԻՏ ՇԱՆԹ»-ում պահված արջը խնդիրներ ունի (ֆոտո)

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին «ԷԼԻՏ ՇԱՆԹ» ՍՊԸ-ի տարածքում տարիներշարունակ անազատ պայմաններում պահված արջը, որին տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգու կարանտինային կենտրոն, ճարպակալած վիճակում է և խնդիրներ ունի ատամների հետ կապված: Այս մասին մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասաց Երևանի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույծ Աննա Ասատուրյանը:

Նշենք, որ այսօր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) պաշտոնական ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տեսանյութ, որտեղ երևում են արջի ֆիզիոլոգիական խնդիրները:

«Այն, որ արջը ճարպակալված է, նշանակում է, որ ինքը ճիշտ սննդակարգով չի սնվել: Բացի այդ, ամբողջությամբ բացակայում են նաև ժանիք ատամները, իսկ կտրիչ ատամները մաշված են»,- ասաց Աննա Ասատուրյանը՝ շարունակելով,- «Այս ամենից ելնելով ես միայն ենթադրություն կարող եմ անել, որ արջը շատ փոքր տարածքում է պահվել: Չեմ գնացել, չեմ տեսել, ես պարզապես ենթադրում եմ: Ջարդված ատամները կարող են լինել նրա հետևանք, որ արջն ուղղակի սթրեսի մեջ է եղել, փոքրիկ տարածքից ելնելով կենդանին սկսել է ճաղավանդակները կրծել ու դրանից նրա ատամները կոտրվել են: Փոքր տարածքում գտնվող կենդանին կարող է ազատվելու, փախչելու փորձեր անի և ճաղավանդակները սկսել ծամել»:

Երևանի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույծը նշեց, որ այսօր արդեն կենդանուն ուղարկվել է կերը: «Մեզ մոտ բոլոր արջերի համար շիլաներ են եփվում՝ մսով, ձկով, խառնվում են հատիկային կերեր, անհրաժեշտության դեպքում նաև վիտամիններ: Տվյալ արջին ուղարկել ենք բանջարեղեն՝ կտրտած վիճակում, սակայն կենդանին այսօր դեռ չի կերել: Երբ ուտի, ըստ դրա արդեն հնարավոր կլինի եզրակացություն կազմել և որոշել հետագա քայլերը: Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք ամբողջությամբ մանրացնել, աղալ բանջարեղենը, իսկ շիլայի դեպքում արջը ծամելու խնդիր չունի»,- նշեց նա:

Մեր հարցադրմանը, թե որն է եղել ճարպակալման պատճառը և ինչ հետագա խնդիրներ կարող են առաջանալ, մասնագետը պատասխանեց, որ հավանաբար կենդանուն անկանոն կերակրել են, ընդ որում կենդանին, հավանաբար, կերել է մարդու համար նախատեսված սնունդ, ինչպես նաև պահվել է փոքր տարածքում և էներգիա ծախսելու հնարավորություն չի ունեցել: «Կարճ ասած՝ կենդանին եղել է բտման տակ: Ճարպակալումը կարող է հանգեցնել նյութափոխանակության խանգարման, բայց այժմ արջերի մոտ ճարպակալման, բտման շրջանն է, որպեսզի ձմեռը հեշտ անցկացնեն: Ճիշտ է, մեզ մոտ գտնվող արջերը քուն չեն մտնում, բայց արդեն իրենց ֆիզիոլոիան այնպիսին է, որ կենդանիները սկսում են ճարպակալել»: 

Դեկտեմբերի 4-ին Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված արջի վիճակը գնահատելու համար ժամանակ է անհրաժեշտ: Ընթացքում պարզ կդառնա նաև, թե կենդանին ունակ է ինքնուրույն ծամել սնունդ: «Այժմ ես ավելին չեմ կարող ասել, անհրաժեշտ է ժամանակ, որպեսզի կենդանու մոտ ամեն ինչ կարգավորվի»,- եզրափակեց Աննա Ասատուրյանը:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում