Հայաստանում կառուցվել է գառնանգղերի նոր ապաստարան FPWC և միջազգային կառույցների օգնությամբ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից Հայաստանում այս ամռանը կառուցվել է գառնանգղերի կացարան, որը մասամբ իրականացվել է շվեյցարական «Foundation for Bearded Vultures» ֆոնդի, ինչպես նաև Լիխտենշտայնի «Principality of Liechtenstein» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: 

Ինչպես տեղեկանում ենք «Vultur Conservation Foundation» (VCF) պաշտոնական կայքէջից, նոր կենտրոնը գտնվում է Արջերի ապաստարանի (Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան) հարևանությամբ: Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (Caucasus Wildlife Refuge) 20. 000 հա մեծությամբ մասնավոր պահպանվող տարածք է: 

Այս կացարանի ստեղծման հիմնական նպատակը, այժմ Երևանի կենդանական այգում գտնվող գառնանգղերի ընտրված  զույգի համար գոյության լավագույն պայմաններն ապահովելն է: Զույգը ծնվել է վայրի բնության մեջ և ծրագրով նախատեսվում է պայմաններ ստեղծել գառնանգղերի այս զույգի հետագա բազմացման համար: VCF-ը նշում է նաև, որ այս նախագիծը կարևոր է կառույցի համար, քանի որ այն ավելի է ամրապնդում գառնանգղերի վերականգնման եվրոպական ծրագիրը (European Endangered Species Programme):

VCF պաշտոնական կայքէջը գրում է նաև, որ FPWC-ն աշխատում է վայրի բնության պահպանման, էկոլոգիական կրթության և կայուն զարգացման ուղղությամբ՝ հարգելով մարդուն, բնության հարստությունն ու մշակութային արժեքները: Մասնավոր պահպանվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը կարևորագույն միջավայր է այնպիսի կենդանիների համար, ինչպիսին է, օրինակ՝ Կովկասյան ընձառյուծը:

VCF-FPWC կառույցները սերտորեն համագործակցում են դեռ 2015թ.-ից, երբ այս երկու կառույցների միջև կնքվեց համաձայնագիր, որի հիմնական նպատակը ինտեգրելն է Վայրի բնության և մշակութային արժեքների հիմնադրամին EAZA կազմում (the European Association of Zoos and Aquaria): 2017թ.-ի աշնանը VCF ներկայացուցիչն այցելել էր Հայաստան: 

Նշենք նաև, որ VCF-ն EAZA վերահսկողությամբ հսկայական աշխատանքներ է իրականացնում գառնանգղերի պահպանման և վերականգնման ուղղությամբ:

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում