Ֆրանսիայի համար առաջնային հետաքրքրություն է ներկայացնում Սևանա լճի պահպանությունը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել նաև դեսպանի խորհրդական Ալեք Բուրտուան և դեսպանատան աշխատակից Կլեր Լյուֆիշեղը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, խորհրդականներ Արծրուն Պեպանյանը, Վահագն Խաչատրյանը և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ:

Ողջունելով պատվիրակության անդամներին` Արծվիկ Մինասյանը շնորհավորել է Ժ. Լաքոտին Հայաստանում դիվանագիտական աշխատանքի անցնելու կապակցությամբ և նկատել, որ երկու երկրների միջպետական սերտ համագործակցության մեջ զգալի է բնապահպանական հարցերի ներուժը, քանի որ Ֆրանսիան չափազանց կարևորում է շրջակա միջավայրի պահպանությունը և ուղղակի ներգրավված է այդ ուղղությամբ միջազգային քաղաքականության մշակման և իրականացման գործընթացներում: Այս առումով նախարարը օրինաչափ է համարել, որ հենց Փարիզում ստորագրվեց ՄԱԿ-ի կլիմայի վերաբերյալ շրջանակային կոնվենցիայի շրջանակներում ընդունված մթնոլորտում ածխաթթու գազի մակարդակի նվազեցման միջոցառումները կարգավորող համաձայնագիրը, որին միացել է նաև Հայաստանը` Ազգային ժողովի փետրվարի 9-ի նիստում վավերացնելով այն:

Ֆրանսիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և նկատել, որ իր երկրի` միջազգային հարաբերություններում բնության պահպանության հարցերում կարևոր դերակատարություն ունենալով է պայմանավորված, որ բնապահպանական հարցերն լիարժեքորեն ընդգրկված են ֆրանսիական դիվանագիտության օրակարգում: Դեսպանը նկատել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը երկկողմ համագործակցության կարևոր դերակատարն է և տեղեկացրել, որ այդ ուղղությամբ աշխատանքները ոչ միայն դեսպանատան կողմից են տարվում, այլ նաև երկրների տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության շրջանակում:

Կողմերը համամիտ են եղել այն հարցում, որ բնության պահպանությունը կարող է միայն նպաստել տնտեսության զարգացմանը և այդ տեսանկյունից դիտարկել ֆրանսիական կողմի համար առաջնային հետաքրքրություն ներկայացնող երկու հարց` էկոտուրիզմը և Սևանա լճի պահպանությունը: Վերջինում արդեն ներգրավված է «Վեոլլա» ընկերությունը` «Ջինջ Սևան» ծրագրի շրջանակներում:

Արծվիկ Մինասյանը անդրադարձել է ՀՀ կառավարության նախաձեռնած և Համաշխարհային բանկի կողմից հավանության արժանացած «Բնության պահպանություն` պարտքի դիմաց» ծրագրի մանրամասներին, նկատել, որ այն հնարավորություն կտա զարգացած երկրներին կատարել նաև շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ ստանձնած միջազգային պարտավորությունները` զիջելով Հայաստանի ունեցած պարտքը` հանրապետությունում բնապահպանական ծրագրեր իրակականացնելու դիմաց: Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանի խոշոր պարտապան 5 երկրների թվում է նաև Ֆրանսիայի Հանրապետությունը, ում հետ առաջիկայում նախատեսվում է սկսել ուղիղ բանակցությունները: Ա. Մինասյանը հավելել է նաև, որ «Բնության պահպանություն` պարտքի դիմաց» ծրագրի իրականացման մեջ կդիտարկվեն նաև ֆրանսիական կազմակերպությունները`որպես ծառայություններ մատուցող, կամ տեխնոլոգիաներ ներդնող ընկերություններ:

Դեսպանը նշել է, որ ֆրանսիական կողմը հետրաքրքրված է «Բնության պահպանություն` պարտքի դիմաց» ծրագրով, և առաջարկել հետագա հանդիպումների ժամանակ տեխնիկական հարցերը քննարկել նեղ կազմով և ծրագրային փաստաթղթերի առկայության պայմաններում:

Հանդիպման ավարտին ՀՀ բնապահպանության նախարարը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանի հետ համագործակցության լավ սկիզբը փայլուն շարունակություն կունենա` ինչպես հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում