CNF-ի տնօրենի հետ քննարկվել են ԲՀՊՏ-ները դրամաշնորհային միջոցներով ֆինանսավորելու հարցերը

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին:

Հանդիպմանը մասնակցել են նաև Նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը, աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք և ստորաբաժանումների ղեկավարներ: Ողջունելով հյուրերին Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ հերթական նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է «Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին, ռազմավարությանը և միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին որոշման նախագիծը», որով անտառային ոլորտում իրականացվող քաղաքականության վարումը վերապահվել է ՀՀ բնապահպանության նախարարությանը: Բնապահպանության նախարարը կարևորել է CNF-ի հետ համագործակցության ընդլայնումը, որի մանդատի մեջ է մտնում բնության հատոկ պահպանվող տարածքներին աջակցությունը` նշելով, որ առաջիկայում ՀՀ բնապահպանության նախարարության կազմում ընդգրկվելիք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի հսկողության տակ գտնվող անտառներում առկա է 13 հատուկ պահպանվող տարածք և վերջիններիս կարողությունների հզորացումը նույնպես առաջնային խնդիր է:
Կողմերը քննարկել են 2017 թվականին համատեղ իրականացված ծրագրերի ընթացքը, արձանագրված արդյունքները, ինչպես նաև 2018 թվականին ՀՀ կառավարության կողմից ԲՀՊՏ-ների կառավարման համար նախատեսված ֆինանսավորման չափը և այդ ուղղությամբ Կովկասի բնության հիմնադրամի նախատեսած դրամաշնորհային հատկացումների հիմնական ուղղությունները:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, կարևորելով բնության հատուկ պահպանվող տարածքներում վարվող քաղաքականության լիարժեք իրականացումը և վերջիններիս կարողությունների զարգացման նպատակով հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհների օգտագործման արդյունավետության բարձրացումը, առաջնային է համարել բոլոր ԲՀՊՏ-ների համար միասնական մոտեցման իրականացումը և այդ նպատակով առաջարկել վերանայել CNF-ի հետ ունեցած շրջանակային համաձայնագիրը, ինչն արժանացել է Ջորջ Ջակոմինիի հավանությանը: Կողմերը պայմանավորվել են սեղմ ժամկետներում այդ ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել:

Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրենի խնդրանքով նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է բնության հատուկ պահպանվող տարածքներում ապօրինի ծառահատումների դեպքերի բացահայտման և դրանց կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների ընթացքը` առաջարկելով հիմնադրամի կողմից ԲՀՊՏ-ների ընթացիկ ծախսերի համար նախատեսված դրամաշնորհային միջոցներից զատ, դիտարկել նաև անվտանգության տեխնիկական միջոցների ձեռքբերման նպատակով այլ գումարներ ներգրավելու հնարավորությունը:

2017 թվականին արձանագրված անտառային հրդեհների աննախադեպ մեծ թվող դեպքերի համատեքստում` կողմերը քննարկել են նաև արդեն առաջիկա ամսում ԲՀՊՏ-ները հակահրդեհային անհրաժեշտ սարքավորումներով ապահովելու հարցերը:
Նախարար Արծվիկ Մինասյանի առաջարկով` Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրենը համագործակցության առանձին հարցերը քննարկել է նաև նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանի հետ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում