Խորհրդարանական լսումներում քննարկվել են բնության հատուկ պահպանվող տարածքներին առնչվող հարցեր

Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները և լուծման ուղղությունները» թեմայով:

Լսումներին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, շահագրգիռ գերատեսչությունների ու կազմակերպությունների, ՀՀ ԳԱԱ-ի, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ:

Տեղեկացնենք, որ 2006 թվականին ընդունված «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի կիրառման ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խնդիրներ և բացեր, որոնց մասին բարձրաձայնել են մասնագետներն ու հանրությունը. մասնավորապես, բացակայում են ՊՈԱԿ-ների տեխնիկական զինվածության չափանիշները և դրանք չեն համապատասխանում այսօրվա պահանջներին:

Հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը բացման խոսքում կարևորելով թեմայի շուրջ խորհրդարանական լսումները, նշել է, որ լսումների նպատակն է ևս մեկ անգամ լսելու կարծիքներ, ինչպես նաև ստանալ կառուցողական առաջարկներ՝ օրենսդրական բացերը լրացնելու համար:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքների ներքո կառավարվում է շուրջ 13.1 տոկոս կազմող տարածք, որը թեև մի շարք այլ երկրների հետ համեմատած առաջընթաց է, բայց այն բավարար չէ և հարկավոր է մեծացնել տարածքները, ընդլայնել և ավելի կանոնավոր դարձնել բնության պահպանության համակարգերը:

ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանն իր զեկույցում ներկայացրել է ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա խնդիրներն ու առաջարկել դրանց լուծումները:

Ըստ զեկուցողի` մասնավորապես անտառտնտեսություններում անհրաժեշտ է հստակ կառավարում կազմակերպել, որը հնարավորություն կտա կանխել ապօրինի ծառահատումները, ինչպես նաև առաջարկել է տնկիներով ու ծառատեսակներով հարստացնել բնությունը:

ՀՀ բնապահպանության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ-տնօրենի առաջին տեղակալ Ռուբեն Պետրոսյանն իր զեկույցում կարևորել է միջազգային բնապահպանական կառույցների, անհատ ձեռներեցների հետ համագործակցությունը:

«Վայրի բնության հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Կարեն Մանվելյանը ներկայացրել է հիմնադրամի կատարած աշխատանքները: Հիմնադրամն աշխատանքները Հայաստանում սկսել է 2002 թվականից և առաջընթաց գրանցել 15 տարիների ընթացքում: Մասնավորապես «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացվել է պահակակետերի վերանորոգումը, տրամադրվել են մեքենաներ:

Լսումների ընթացքում իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարդան Բոստանջյանը, Արաիկ Հովհաննիսյանը, Լենա Նազարյանը, Սերգեյ Բագրատյանը: Ելույթ ունեցողները համակարծիք էին, որ բնության հատուկ տարածքների լիարժեք պահպանությունն առանց սոցիալ տնտեսական միջոցառումների կազմակերպման և ներդրման հնարավոր չէ:

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն իր ելույթում կարևորել է լսումների արդյունքները և մասնակիցներին հորդորել 3 ամիս հետո դիմել հանձնաժողովի նախագահին` արդյունքերի մասին հաշվետվություն ստանալու ակնկալիքով:

Ամփոփելով լսումները` ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը, կարևորելով լսումներում հնչած տեսակետներն ու դիտողությունը, նշել է, որ օրենսդրական բարեփոխումների ընթացքում հաշվի կառնեն ներկայացված առաջարկությունները:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում