Ձեր լավ աշխատանքի արդյունքում, բազմացել են նաև արջերը. պատգամավորը՝ նախարարության աշխատակցին

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Ազգային ժողովում հանրային լսումներ էին ՀՀ հատուկ պահպանվող տարածքների խնդրի շուրջ: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ «ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների առկա վիճակը, հիմնախնդիրները և լուծման ուղղությունները» թեմայով: 

Խորհրդարանական լսումներին հրավիրված են ԱԺ պատգամավորներ, շահագրգիռ բոլոր գերատեսչությունների ու կազմակերպությունների պատասխանատուներ, ՀՀ ԳԱԱ, միջազգային և հասարակական կազմակերպությունների և մամուլի ներկայացուցիչներ: 

Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց զեկուցող ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանին, ասելով՝ «Դուք նշեցիք, որ Եղեգիսի կիրճում կենդանիների բազմազանության, բեղմնավորման և բազմացման խնդիրներ եք լուծել: Իսկապես այդպես և խնդիր է առաջացել կոնկրետ արջերի հետ կապված: Հարակից գյուղերի բնակիչները նամակով դիմել են մեզ: Դրա դեմ պայքարելու արդյունավետ միջոցներ առայժմ չեն կարողանում գտնել: Փաստորեն Ձեր լավ աշխատանքի արդյունքում, բազմացել են նաև արջերը և խնդիր են առաջացրել մեր բնակիչների համար, անհանգստություն են առաջանում հավանաբար կերի պակասի պատճառով, իջնում են գյուղերը և ավիրում են բնակիչների ստեղծած բարիքները: Մեր ժողովուրդն իսկապես զարմանալի անպաշտպան վիճակում է հայտնվել»:

Արամ Աղասյանը պատասխանեց՝ ասելով, որ կենդանին Կարմիր գրքում գրանված տեսակ է: Արջին կրակել, վնասազերծել չի կարելի: «Մնում է ընդամենը մեկ ճանապարհ՝ սահմանել խիստ հսկողություն և վախեցնող մեթոդներ կիրառել»: 

Պարոն Բագրատյանն արձագանքեց՝ ասելով, որ արջերի դեպքում վախեցնելը չի աշխատում: «Բնակիչներն ասում են՝ գալիս են տատը, պապը, հայրը, մայրը ձագին կերակրելու: Կրակում ես, չես կրակում ոչ մի բանի տեղ չեն դնում: Փաստորեն այդ արջերը սոված են և սոցիալ-տնտեսական իրավիճակը ազդել է նաև արջերի վրա»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում