Շեկաղբյուրի ոսկու պաշարների հարցով ևս մեկ հանրային քննարկում կանցկացվի

Օձունում տեղի կունենա Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակումում ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ 2-րդ հանրային քննարկումները: Այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքէջից: Հայտարարության մեջ ասվում է. 

««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. նոյեմբերի 29-ին ժամը 12:00-ին ՀՀ Լոռու մարզի Օձունի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Միռամ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Լոռու մարզի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակումում 2017-2020թթ երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում)»:

Նշենք, որ Լոռու մարզի Արդվի համայնքի բնակիչները բազմիցս դեմ են արտահայտվել այս ծրագրի իրականացմանը՝ նամակով դիմելով ՀՀ բնապահպանության նախարարություն` պահանջելով մերժել «Միռամ» ՍՊԸ-ի Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների հանքերևակման տեղամասում որոնողական աշխատանքների իրականացման հայտը: 

Թեմայի շրջանակներում ակտիվ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը/ հետ զրույցում ասել է. «Նրանք ի սկզբանե տեղեկացել են խնդրին և պաստրաստվում են պաշտպանել իրենց գյուղը մինչև վերջ: Ես իրենց կողքին եմ լինելու ամեն տեղ և ամենուր, ինչ եղանակով կարող եմ, որովհետև ես տեսնում եմ, որ գյուղացիներն իրենք թույլ չեն ուզում տալ, որպեսզի նման բան, ինչ-որ տեղի է ունենում Ամուլսարում, տեղի ունենա նաև Արդվիում: Նախագիծը, որը նախկինում ներկայացրել էին իբրև թե ավագանու որոշմամբ, իրականում գյուղացիները պնդում են, որ նման նիստ անգամ տեղի չի ունեցել: Ես նաև այս հանգամանքի վրա եմ ուշադրություն հրավիրելու, քանի որ ըստ էության խաբեությամբ ինչ-որ աշխատանքներ կատարելու համաձայնություն են ստացել գյուղացիներից»:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում