Ջրային հաշվեկշռի որոշումը կնպաստի գետավազանների ջրային ռեսուրսների արդյունավետ և կայուն կառավարմանը

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ ջրային օրենսգրքում և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերով առաջարկվում է համապատասխան օրենքներում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններն վերաբերող հոդվածներում ներառել այն իրավասությունները, որոնք հնարավորություն կընձեռեն ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Նախագծերի ընդունումը թույլ կտա ապահովել ՀՀ սահմանադրության փոփոխությունների պահանջները:

Գործադիրը հավանություն է տվել Ըստ գետավազանների ՀՀ ջրային հաշվեկշռի որոշման մեթոդին, որով կսահմանվի ջրաէկոհամակարգի վրա մարդածին ներգործության սահմանային թույլատրելի նորմ: Այն մշակվել է ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականի հիման վրա: Ջրային հաշվեկշռի որոշումը կնպաստի հանրապետության գետավազանների ջրային ռեսուրսների արդյունավետ և կայուն կառավարմանը, ինչպես նաև էկոլոգիական հավասարկշռության պահպանմանը: Ըստ հիմնավորման՝ ջրային հաշվեկշռի կազմումը հանդիսանում է գետավազանային պլանավորման կարևորագույն քայլերից մեկը։ Մասնավորապես, այն հնարավորություն կտա ստացված տեղեկատվության հիման վրա ջրօգտագործման թույլտվությունների տրման միջոցով սահմանել գետավազանային պլանավորման իրատեսական նպատակներ և, ըստ այդմ, բացահայտել գետավազանի ջրային ռեսուրսների պատշաճ պահպանումը և կառավարումն իրականացնելու համար անհրաժեշտ միջոցառումները։

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում