Այս մարդիկ ավերիչներ են. Կենդանապաշտպանները՝ որսագողության դեպքերի մասին

«Բաց են մնում բոլոր հարցերը, որոնք կապված են կենդանիների պաշտպանության և որսի հետ: Համոզված եմ, որ սա օրենսդրական բացի արդյունք է, որի մասին բազմիցս բնապահպանները և կենդանապաշտպանները խոսում են: Հենց սա է, որ բերում է այսօր Հայաստանում ամենաթող վիճակի»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց բնապահպան, «Թռչնասերների կենտրոն» Հ/Կ նախագահ Սիլվա Ադամյանը:

«Վերջին օրերին բոլորս տեսանք, թե ինչպես են ի հայտ գալիս որսագողության դեպքեր: Այս դեպքերը ֆիքսվում են այնպիսի մարդկանց մոտ, ովքեր ունեն «մեծ հնարավորություններ» իրենց թույլ տալու այդպես պահելու կենդանիների և շրջակա միջավայրի հետ: Մեկը կապված էր տեղական ինքնակառավարման մարմինների հետ, մյուսը՝ եկեղեցու հետ: Սա մեզ թույլ է տալիս մտածել, որ նրանք կարծում են, թե իրենց ամեն ինչ կարելի է, հատկապես, եթե մենք չունենք կոշտ օրենքներ, որոնք ուղղակի կարող են արգելել այսպիսի մարդկանց զբաղվել որսագողությամբ: Ես խոսում եմ լուրջ քրեական պատասխանատվության մասին,- մանրամասնեց նա:

«Ոմանք ասում են՝ ի՞նչ եք ուզում ոչինչ չանենք, ոչ ոք ոչինչ չբռնի՞, ոչ ոք ոչինչ չուտի՞: Իրականում երբևէ բնապահպանական խնդիրներն այդպիսի ծայրահեղության վրա չեն դրվել: Խնդիրն այն է, թե ինչ է այսօր մեր բնամիջավայրի համար անհրաժեշտ»,- հավելեց ասուլիսի մյուս բանախոս «Փրո Փոուզ» կենդանապաշտպան բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը:

Սիլվա Ադամյանը հավելեց. «Այսօր մեզ ասում են՝ վաղեմության ժամկետն անցել է, ոչինչ չենք կարող անել: Տուգանում են այդ մարդուն 250 հազար դրամ, բայց այդ մարդու համար այդ գումարն ի՞նչ է: Եթե մարդն իրեն նման բաներ է թույլ տալիս, ապա 250 հազար դրամն իր համար ոչինչ է և նա հանգիստ շարունակելու է իր գործը: Նույնը եկեղեցու դեպքը... ինչպե՞ս անվանեմ ես այդ մարդուն: Կարո՞ղ է հոգևոր մարդն իրեն այդպես պահել: Հերիք չէ որսագողությամբ է զբաղվել, դեռ նկարներն էլ հրապարակել է: Սա տգիտության գագաթնակետն է: Այս մարդիկ ավերիչներ են»:

Լրագրողների հարցին, թե վերջին տարիներին որսագողության դեպքերի ինչպիսի վիճակագրություն է գրանցվել, տիկին Ադամյանը պատասխանեց. «Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ այս վերջին տարիներին որսագողության խնդիրները լուծվել են, որովհետև այսպիսի ահազանգեր ավելի շատ ստանում էինք 5-6 տարի առաջ և սա վերաբերում էր մասնավորապես արջերին, լուսաններին և Կարմիր գրքում ընդգրկված թռչունների: Ես թռչունների հետ կապված որսագողության դեպքերն ավելի շատ կապում եմ շուկայի հետ, երբ թռչունների վաճառում են այլ երկրներ: Մեծ մասը գրանցվում է Զանգեզուրում, ինչը կապված է կենդանական աշխարհի բազմազանության, հնարավորությունների հետ»:

Ասուլիսի բանախոս կենդանապաշտպան Կարինե Փանոսյանը խոսեց նաև միջազգային մամուլի անդրադարձի մասին՝ ասելով. «Այն, որ մեկ ամսվա մեջ երկու անգամ խայտառակ ենք եղել արդեն լուրջ խնդիր է: Մենք անգամ Գյումրիից հետո ոչ մի դաս չքաղեցինք: Այս կարճ ժամանակահատվածում այսքան հաճախ մեր անունը շահարկվեց միջազգային դաշտում: Մենք ինչպես ենք զարգացնելու մեր երկրում զբոսաշրջությունը, եթե մեր հեղինակությունն օրեցոր ընկնում է: Այն, որ մենք հաճախ ստիպված ենք լինում խոսել այս խնդիրների մասին, վկայում է, որ լուրջ քայլեր առայժմ չեն արվում»:

«Անգամ նախորդ նախարարների հետ աշխատանքում, նախկին վարչապետների հետ աշխատանքում փաստվել է, որ ժամանակն է Հայաստանում որսի առնվազն մի քանի տարով դադարեցնելու, կոնկրետ ընտրելով թե ինչ տեսակի, ինչ գլխաքանակի խնդիրներ ենք լուծում: Այսօր պատկան մարմինները պաշտոնական պատասխաններում իրենց անկարողությունն են ցուցադրում: Նրանք իբր անկարող են ներկա օրենսդրական նորմերի առկայության պայմաններում որևէ խնդիր լուծել: Դա անշուշտ այդպես չէ»,- եզրափակեց Նարե Արամյանը:

Նյութը պատրաստեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում