Վարչապետի մոտ «Սևան» ազգային պարկ»-ին վերաբերող հարցեր են քննարկվել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցության՝ նվիրված «Սևան» ազգային պարկ»-ի բարեփոխումներին:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը ՀՀ վարչապետին զեկուցել են կատարվող աշխատանքների և կառավարության ղեկավարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:

Զեկուցվել է, որ 2017թ-ին նախատեսված է հավաքագրել 287.6 մլն դրամ, ինչը 108 միլիոնով ավելի է 2016թ. ցուցանիշից, իսկ հողի վարձավճարների մուտքերի մասով արդեն իսկ հավաքագրվել է 138.4 մլն դրամ, ինչը շուրջ 40 մլն դրամով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: ՊՈԱԿ-ի տնօրենի կանխատեսմամբ՝ այս տարվա հավաքագրումը ամբողջությամբ կատարվելու է:

Զեկուցվել է նաև, որ պարբերաբար անցկացվող շաբաթօրյակների միջոցով շարունակվում են աղբի հավաքման և աղբահեռացման աշխատանքները, նշվել է, որ ներկայումս տարածքում գործող 290 սուբյեկտներից աղբահանության մասին պայմանագրեր են կնքվել 260-ի հետ:

Քննարկմանն անդրադարձ է կատարվել նաև ապօրինի շինությունների ապամոնտաժման, անտառատնկումների, այժմ քննարկվող ներդրումային ծրագրերի, ջրային տրանսպորտի զարգացման հարցերին:

Վարչապետը հանձնարարել է շարունակել հետևողական աշխատանքներն այդ ուղղությամբ և պարբերաբար զեկուցել արդյունքների մասին:

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում