Նոր մանրամասներ «Շիկահող» արգելոցում տեղի ունեցած ծառահատումներից. հատվել է թվով 36 ծառ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ս.թ. հոկտեմբերի 27-ի հանձնարարությամբ ՀՀ Սյունիքի մարզի տարածքային բաժնի աշխատակիցները շրջայց են իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Ծավ համայնքում` Կապան-Մեղրի ավտոմայրուղու 30-45կմ-ի հարակից անտառամերձ տարածքներում:

2017թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ Սյունիքի մարզի Ծավ համայնքի տարածքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի մարզի տարածքային բաժնի աշխատակիցները ոստիկանության Կապանի բաժնի աշխատակցի հետ համատեղ շրջայցի ժամանակ Կապան-Մեղրի ավտոմայրուղու 37-րդ կմ-ի հարակից անտառամերձ տարածքներում հայտնաբերել են ապօրինի ծառահատման դեպքեր:

Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից կատարվել են հատված ծառերի կոճղերի զննություն, չափագրում և կոճղերի համարակալումներ: Արձանագրվել է հատված թվով 36 ծառ և 3 ճյուղ: Բնությանը հասցված վնասի չափը հաշվարկվում է:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում հայտնեց, որ այժմ իրականացվում են քարտեզագրման աշխատանքներ, որպեսզի պարզ դառնա թե արդյո՞ք տեղանքը, որտեղ իրականացվել են ծառահատումները գտնվում է հատուկ պահպանվող տարածքի սահմաններից ներս թե՝ ոչ:

Նշենք, որ հոկտեմբերի 2-ին «Էկո-մեդիա ցանցի» համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ Շիկահողի արգելոցի տարածքում Մազրա գետի ափին հատվել է շուրջ 40 ծառ: 

Ըստ նրա տեղեկությունների, դրանք եղել են 30-80 սմ տրամագիծ ունեցող տարբեր տեսակի թանկարժեք ծառեր՝ 70-80 տարեկան կաղնի, բոխի և այլն: Ավելին, Նարինե Կիրոկոսյանն նշեց, որ տվյալ տարածքի ռեյնջերն Արգամ Նահապետյանն է, ով էլ պատասխանատու է «Շիկահող» արգելոցի Ծավ համայնքի շրջանում վերահսկողություն իրականացնելու համար: Դեռ 2015թ.-ին նույն այս տարածքում Նարինե Կիրակոսյանն իր գործընկերների հետ եղել է դեպքի վայրում և գրանցել է ապօրինի ծառահատումների դեպք, որի մասին նաև հայտնել է իրավապահ մարմիններին, սակայն մինչ օրս մեղավորներ չեն գտնվել, թեկուզ ըստ համապատասխան մարմնի հաշվարկների բնությանը հասցվել էր մոտ 6 մլն դրամի վնաս: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում