Սևանում խեցգետնի պաշարները կիսով չափ կրճատվել են. Էվելինա Ղուկասյան

«Կարելի է ասել, որ Սևանում խեցգետնի պաշարները կիսով չափ կրճատվել են». Այս մասին այսօր «Ելակետ» մամուլի ակումբում ասաց Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը:

«Սևանա լճում ձկնային պաշարների կրճատման արդյունքում ամբողջ ավազանի բնակչությունը հիմնականում սկսել էր զբաղվել խեցգետնի արդյունահանմամբ, որսով և վաճառքով, ինչը դարձել էր սոցիալական խնդիրները լուծելու հնարավորություն: Սակայն 2014թ.-ից սկսած Սևանա լճում սկսեցին կիառել նոր տիպի որսագործիքներ: Դրանք չինական ծալովի խեցգետնորսիչներն են, թառփերն են և նաև զսպանակաձև խեցգետնորսիչները, իսկ մինչ այդ կիրառվում էր կասպիական թակարդները, որոնք ապահովում էին կենդանիների արդյունագործական չափերի որսը»,- մանրամասնեց նա:
Ինչպես նշեց Էվելինա Ղուկասյանը, դա ակտիվ որսագործիք է, այսինքն՝ աշխատում է խայծով, իսկ երբ թակարդի մեջ խայծ է լինում կենդանիների միջև սկսվում է մրցակցություն և թակարդներն են ընկնում առավել խոշոր չափեր ունեցող կենդանիները, հիմնականում արուները, որովհետև նրանք ավելի մրցունակ են, իսկ փոքրերն ու հիվանդ կենդանիները կարծես դուրս էին մնում «պայքարից»:

Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրենն ասում է. «Սակայն այս վերջին տարիների որսագործիքները՝ ծալովի չինական թակարդներում և զսպանակավոր խեցգետնորսիչներում խայծ չի օգտագործվում: Պարզապես այն տեղադրվում է հատակում և կենդանիներն իրենց շարժվելու ընթացքում, ցանկացած չափի կենդանի՝ բեղմնավորված էգեր կլինեն, թե մանր նոր ծնված խեցգետիններ, նրանք բոլորը բռնվում են այդ թակարդներով: Մենք մի քանի անգամ արդեն նշել ենք ԲՆ ներկայացվող մեր հաշվետվություններում, որ չինական որսագործիքներով կատարվող որսի ընթացքում անթույլատրելի չափի ոչ արդյունագործական կենդանիների քանակը կազմում է մոտ 47 տոկոս, իսկ դա նշանակում է, որ հաջորդ տարի արդեն համալրող սերունդը կրճատվում է»:

Փորձագետը նշում է, որ այն կենդանիները, որոնք պետք է նորից սերունդ տային որսվում են, հաճախ նաև անիմաստ, քանի որ այդ խեցգետինների մեջ կան 3-4 սմ երկարություն ունեցող մանր ձևեր, որոնք անգամ սննդի մեջ պիտանի չեն: «Սկզբի տարիներին այդ խեցգետիններին տանում դարձնում էին թռչունների կամ խոզերի համար կեր, իսկ վերջին տարիներին գների աճի հետ կապված անգամ այդ փոքր խեցգետինների պահանջարկն է զգացվում արդեն և անխնա ձևով հանվում են նաև ոչ արդյունագործական չափի կենդանիները: Տարվա ընթացքում կատարած հետազոտություններն արդեն ցույց են տվել, որ Սևանա լճում կտրուկ կրճատվել են խեցգետնի պաշարները: Այս տարի խեցգետնի բազմացման շրջանում նախարարության կողմից որսի արգելք դրվեց, ինչը որոշ չափով կարող էր բարելավել վիճակը, եթե իսկապես հսկողությունը կարողանային ապահովել: Այնուհանդերձ արդեն տարեվերջյան մեր դիտարկումներով, որոնք ավարտված չեն դեռ, բայց կարող եմ նշել, որ գրեթե կրկնակի անգամ կրճատվել են խեցգետնի պաշարները»,- ասաց նա:

Բանախոսը նշում է, որ պետք է խեցգետնին դիտարկենք նաև որպես կարևոր արդյունագործական սննդամթերք և ամեն ինչ անենք այդ պաշարները պահպանելու ուղղությամբ, որովհետև եթե այս տեմպերով և այս որսագործիքներով որսը շարունակվի, ապա կունենանք ոչ միայն ձկնային պաշարների խզում, այլև խեցգետնային պաշարների:
Ասուլիսի մյուս բանախոս Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանն ավելացրեց. «Այստեղ նույն գործընթացն է գնում, ինչը որ տեղի ունեցավ ձկան՝ կոնկրետ սիգի հետ: Գերորսի արդյունքում մենք ունենք արդյունագործական պաշարների խզում, ինչը ոչ կառավարելի որսի արդյունքն է: Այլ երկրներում, երբ հանդիպում են խեցգետինն իր ձվերով, շատ զարմանում են, թե ինչպես կարելի է մեզ մոտ այդպես որսալ և նույնիսկ արտահանել երկրից»:

Էվելինա Ղուկասյանն ավելացրեց նաև, որ խեցգետնի պաշարների զգալի պաշարներ արտահանվում են մեր երկրի սահմաններից դուրս և նման փոքր չափի կենդանիները չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին: Պետք է մտածել պաշարների վերականգնման ուղղությամբ:

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից: 

Եղանակի տեսություն
Օրացույց
Մենք Facebook-ում