Արտասահմանյան շատ կազմակերպություններ միայն սիրում են ցեխ լցնել մեր հանրապետության վրա. Փորձագետները՝ «Daily mail»-ի անդրադարձի մասին

«Խոսքը գորշ արջերին է վերաբերում, որոնք գրանցված են Կարմիր գրքում և նրանց պահպանություն պետք է լիներ առավել զգուշավոր, սակայն ինչպես տեսնում ենք պետական մարմինների անտարբերությունը հասցրել է նրան, որ մենք որևէ առաջընթաց չեն ունեցել». այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց կենդանասեր, բնապահպան-ակտիվիստ Կարինե Փանոսյանը:

«Հայատանում գրեթե յուրաքանչյուր քաղաքում կան վանդակներում պահվող կենդանիներ, Հրազդանի կիրճում բազմաթիվ ռեստորաններ կան, որոնցում պահվում են ոչ միայն արջեր, այլ նաև գայլեր, տարբեր այլ կենդանիներ:

Ավելին, երբ մեր թիմը Ազգային ժողով օրենսդրական փաթեթ ներկայացրեց, մենք փաստորեն կանգ ենք առել դրա վրա և որևէ այլ իրադարձություն տեղի չի ունեցել այս ընթացքում: Այն, թե ինչ բարոյական հետևանքներ է կրելու ՀՀ-ն, սա բարդ խնդիր է, որովհետև մենք կենդանուն ներկայացնելով վանդակի մեջ չենք կարող երեխային բացատրել, թե ինչպիսին պետք է կենդանին լինի բնական միջավայրում: Արջը և ցանկացած վայրի կենդանի պետք է ապրի բնական միջավայրում, իսկ եթե ոչ, ապա պետք է այնպիսի նվազագույն պայմաններ ստեղծված լինեն, որպեսզի կենդանին չկրի որևէ տանջանք կամ տառապանք»,- մանրամասնեց նա:

«Էկզոտարիումի» հիմնադիր Կարեն Մարտիրոսյանը նշեց, որ կան կազմակերպություններ, որոնք ասում են պետք է արջերին բաց թողնենք բնություն: «Դա ամենաանհեթեթ բանն է: Գիտեք ի՞նչ աղետ կլինի գյուղերում: Արջեր, որոնք մարդուց ընդհանրապես չեն վախենում, որոնք բնության մեջ ընդհանրապես սնվելու հնարավորություն չունեն, կյանքի մեծ մասն անազատ պայմաններում են ապրել: Արջը գնալու է գյուղացուն ուղղակի բռնի ու ասի՝ կերակրի ինձ:

Արտասահմանյան շատ կազմակերպություններ միայն սիրում են ցեխ լցնել մեր հանրապետության վրա: Նրանք լուծումներ առաջարկում են: Որևէ մեկին հարցրեք՝ իսկ որն է լուծումը, ոչ ոք չի պատասխանի: Նրանց միայն պետք է, որ Հայաստանը լինի մակարդակով ցածր, թույլ վիճակում: Հենց լուծման մասին խոսում ենք, նրանք փակում են վարագույրները»,- ասաց նա:

Մյուս բանախոս «Ջամբո» էկզոտիկ պարկի տնօրեն Արտյոմ Վարդանյանն ասաց. «Ես կտրականապես դեմ եմ վայրի կենդանիներին անազատության մեջ պահելուն, բայց ինձ մոտ, ցավոք սրտի, այս պահին կան արծիվներ, որոնց ես ստիպված վերցրել եմ: Ինձ ԱՄՆ դեսպանատնից խորհուրդ տվեցին բաց թողնել, բայց ես գիտեի, որ թռչունները կվերադառնան ինձ մոտ, իսկ իրենք՝ ոչ: Փոքրիկ արծիվներ են, որոնց եթե չվերցնեի սատկելու էին: Նրանք ինձ մոտ վանդակի մեջ են, նայում եմ նրանք սիրտս կանգնում է: Բայց բաղ թողեցինք, նրանք երկու օր թռչեցին և հետ եկան: Ցանկացած վայրի կենդանուն, որին պահում են անազատության մեջ, բաց թողնել հնարավոր չէ: Ինձ էլ են շատ առաջարկում՝ արջ կա, կարող է ուզենաս պահել: Ես վախենում եմ, որ նրանց կարող են անգամ մորթել: Ասում են՝ կամ պետք է մորթենք ուտենք, կամ էլ մարդ գտի թող պահեն»:

«Հասկանալու համար, թե ցանկացած իրավիճակ կենդանիների շուրջ Հայաստանում ինչպիսի մակարդակի վրա է գտնվում, բավական է միայն ուսումնասիրել օրենսդրական բացարձակ բաց դաշտը: 2006թ.-ից ի վեր մենք ունենք կոնկրետ առաջարկներ թե Կառավարությանը, թե Ազգային ժողովին: Կա հենց միջազգային այլ իրավակիրառական պրակտիկա, որը մենք քայլ առ քայլ ներկայացրել և ցույց են տվել Հայաստանի անելիքները: Հասկանալի է, որ տարիներ ընթացքում, անգամ եթե մեր ժողովուրդն այս ոլորտում էլ խիստ գրագիտանա, չկա որևէ արգելք նման գործողություններ անելու և ինչ-որ մասնավորի մեղադրել տհասության մեջ մենք կարող ենք և անում ենք ամեն օր: Պետությունը պետք է շահագրգռված լինի թե տույժի, տուգանքի, թե անմիջական պատժի միջոցով առաջին հերթին կանխարգելելու գործում,- լրագրողների հետ զրույցում ասաց «Փրո Փոուզ» միջզգային բարեգործական կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը: 

Վերջինս նաև նշեց, որ նրանք պատրաստվում են խնդրագրով դիմել ՀՀ կառավարությանը: «Թե ինչպիսի արձագանք կլինի մեր խնդրագրին, որին միացել են մոտ 30 երկրներից տարբեր կազմակերպություններ և 700 մլնից ավել անդամ ունեցող միջազգային կազմակերպություններ, հարցի հաջորդ կողմն է, որովհետև 2 տարի առաջ մեզ ընդառաջեցին հերթական խառն իրավիճակից հետո և մենք կարողացանք անգամ հայտնվելու այնպիսի սրբավայրում ինչպիսին Ազգային ժողովն է և ինչպես տեսնում եք, դրանից հետո ընդհանրապես ոչինչ չի փոխվել: Ավելին՝ տարրական գույքագրում անգամ չի արվել»,- ասաց նա:

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

 

Եղանակի տեսություն
Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում