Մենք և բազմաթիվ միջազգային կառույցներ խնդրագրով դիմելու ենք ՀՀ կառավարությանը. Նարե Արամյանը՝ բանտարկված կենդանիների խնդրի մասին

«Մենք արդեն ունենք պատրաստի նամակը դիմելու ՀՀ կառավարությանը խնդրանքով համալիր լուծում գտնել կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում». այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Փրո Փոուզ» միջազգային բարեգործական կենդանապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում վայրի կենդանիների անազատ կամ կիսաազատ պայմաններում պահելու դեպքերին և միջազգային մամուլի արձագանքին: 

«Բարեբախտաբար մենք ունենք շատ գործընկերներ և միջազգային մեր գործընկերները, այդ թվում, թե արտասահմանյան կենդանապաշտպան ընկերությունները և թե միջազգային խոշորագույն ընկերություններ խնդրագրով մեզ են միացել և մենք արդեն ունենք պատրաստի նամակը դիմելու ՀՀ կառավարությանը խնդրանքով համալիր լուծում գտնել կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում: Սա նշանակում է՝ կենդանին կլինի առնետի տեսքով, անազատության մեջ պահվող վայրի կենդանու թե սպանդի համար նախատեսված գյուղատնտեսական, պետք է անպատճառ հանրային անվտանգության և առողջապահական նկատառումներից ելնելով ամբողջը լինի կանոնակարգված, որովհետև այդ նույն կենդանիներն օգտագործվում են ոչ միայն որպես զվարճություն՝ լինելով վանդակներում, այլև տարբեր կենդանիներին հրահրելու, մարտեր կազմակերպելու, դրանց անմիջական սպանդի, մորթու կամ ոսկորների օգտագործման և այլնի: Այսինքն, այստեղ մենք գործ կունենանք գայլերի զանգվածային գլխաքանակի ոչնչացման, թե՞ Կարմիր գրքում գրանցված կենդանուն վանդակում պահելու դեպքերի հետ, իրավիճակն առաջին հերթին հանրային անվտանգությանն ու առողջապահությանն է վերաբերում»,- մանրամասնեց նա:

Ասուլիսի մյուս բանախոս կենդանասեր, բնապահպան-ակտիվիստ Կարինե Փանոսյանն ասաց. «Մի քանի օր առաջ «Daily Mail»-ը կրկին անդրադարձավ Հայաստանին և մեզ համար դա անակնկալ էր, որովհետև մենք կարծում ենք, որ Գյումրիի կենդանաբանական այգուց հետո «Daily Mail»-ը մեզ հանգիստ կթողնի, բայց փաստորեն՝ ոչ, կարծում ենք, որ սա դեռ սկիզբն է: Անկախ նրանից, որ բնապահպանները, բնապահպան-ակտիվիստները, համապատասխան կառույցները, որոնք զբաղվում են կենդանիների և բնության պաշտպանությամբ Հայաստանում չկարողացան հասնել նրան, որ այս 2 տարում Հայաստանը որևէ հաջողություն գրանցի տվյալ ոլորտում: Ավելին՝ խախտելով բազմաթիվ միջազգային պայմանագրեր և կոնվենցիաներ Հայաստանը 2-րդ անգամ հայտնվեց միջազգային սկանդալում»:

«Էկզոտարիումի» հիմնադիր Կարեն Մարտիրոսյանը նշեց, որ մենք միշտ խոսում ենք այն ժամանակ, երբ խնդիրն արդեն հասունացած է և հասել է գագաթնակետին: «Մենք խոսում ենք մի թեմայի մասին, որը շատ բարդ է: Լուծումները պետք է գտնել գրագետ: Դեպքն արդեն կա և մենք գիտենք դրա մասին: Մենք երբեք չենք խոսում նախազգուշացման մասին: Միայն պատժամիջոցները չեն Հայաստանում, որ կարող են օգնել: Կա իրազեկման խնդիր: Ես մասնագետ մ և բազմաթիվ ահազանգեր եմ ստանում, թե քոթոթ ենք բերել ուզում ենք պահել: Ես կատեգորիկ արգելել եմ: Մենք պետք է դրա դեմը առնենք: Տանում են տուն, մի քանի ամիս հետո զանգում են, ասում են տարեք այս կենդանուն: Թեման սուր է, մենք միայն բուժման մասին ենք խոսում, մենք խոսում ենք այն ժամանակ, երբ հիվանդությունը կա և տարածվել է: Մենք պետք է այնպես անենք, որ չլինի դա: Այսինքն մարդիկ իրազեկված չեն, ինչը գլխավոր խնդիրն է»,- ասաց նա:

«Ջամբո» էկզոտիկ պարկի տնօրեն Արտյոմ Վարդանյանը համաձայնվեց Կարեն Մարտիրոսյանի հետ՝ասելով. «Իմ անձնական կարծիքով այժմ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ իսկապես շատ բան անել հնարավոր չէ: Այս արջերի համար ուղղակի կարելի է ստեղծել որքան հնարավոր է լավ պայմաններ ու դրանով եզրափակվել: Շատ խիստ արգելանքներ և տուգանքներ սահմանել արջերին նման պայմաններում պահել ցանկացող մարդկանց համար: Նույնիսկ կարելի է քրեական գործեր հարուցել»:  

 

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

 

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում