1994թ.-ից Սևանա լճում գրանցվում է գերորս. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ (ֆոտո)

«Որոշ մարդիկ ասում են՝ մեր սիգն էկոլոգիական նշանակություն չունի, ինչը շատ մեծ սխալ է, քանի որ այն և՛ էկոլոգիական, և՛ ռազմավարական նշանակություն ունի»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Էկո-մեդիա» ցանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կ.գ.դ., պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը:

Կենտրոնը համաշխարհային ստանդարտներին համապատասխան, բավական լուրջ ուսումնասիրություններ է կատարում:

Սևանա լճում ձկնատեսակների պաշարների կրճատման կամ ի սպառ վերացման հիմնական պատճառն չկարգավորվող ձկնորսությունն է, մասնավորապես՝ ձկների բեղմնավորման շրջանում: Ինչպես նշեց Բարդուխ Գաբրիելյանը, բնության մեջ ցանկացած կենդանատեսակ կարելի է վերացնել՝ սպառնալով դրա վերարտադրության գործընթաին: Այսինքն, որքան էլ լինի որս և գոյատևման այլ սպառնացող հանգամանքներ, եթե կենդանին ունենա վերարտադրվելու, բազմանալու հնարավորություն, ապա տեսակը չի վերանա: Սևանա լճում առկա ձկնատեսակները կարելի է ասել զրկված են այս հնարավորությունից մի քանի պատճառներով: Գետերի մի մասը, որտեղ ձկները սովորաբար ձվադրում են, չորացել են: Ձուկը հնարավորություն չունի հասնելու ձկնադրման համար համապատասխան վայր, քանի որ գետերը վերացվել են չորացած տարածքների: Եվս մեկ կարևոր հանգամանք է հանդիսանում ձկնորսության ոլորտի ոչ կանոնակարգված լինելը: Այսինքն, մարդիկ ձկնորսությամբ են զբաղվում անգամ ձկների բեղմնավորման, ձվադրման շրջանում՝ այսպիսով խաթարելով բնական վերադրման գործընթացը: Պարոն Գաբրիելյանը նշում է, որ Սևանում սիգ տեսակի պաշարները համեմատաբար կայունացել են վերջին տարիներին, սակայն ամեն դեպքում ցածր են անհրաժեշտ նորմայից: Իսկ իշխան տեսակի վերարտադրման գործընթաց ընդհանրապես տեղի չի ունենում, քանի որ, երբ Սևանա լիճ բաց թողնված կենդանին պատրաստ է լինում ձվադրման, նրան որսում են:

Լրագրողներին ներկայացվեցին նաև կենտրոնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:

«Շահագործման գործակիցը 1-ից ցածր լինելու դեպքում իրավիճակը համարվում է նորմալ, այսինքն դա պոպուլյացիայի վրա չի ազդում: 1-ից բարձր գործակցի դեպքում, արդեն սկսում է ազդել պոպուլյացիայի վրա: Ինչպես տեսնում ենք մեզ մոտ այն 1-ից բարձր է, ինչը նշանակում է, որ գերորս է կատարվել: 1994թ.-ից գրանցվել է գերորս և նաև դա բերել է նրան, որ մենք այսօր պաշարներ չունենք»- մանրամասնեց նա:

Պրոֆեսորն ասաց. «Հաջորդը նույնպես շատ հետաքրքիր նկար է, որը հստակ համեմատություն է անցկացնում: Սրանք էխոգրի կողմից արված լուսանկարներ են: Էխոգիրը գործիք է, որը ձայնային ազդանշան է ուղարկում և հանդիպելով պինդ մարմնի ֆիքսում է այն և հետ է վերադառնում: Այսպիսով, պատկերացում ենք կազմում ձկների պաշարների մասին: Այս սև կետերը դրանք ձկներն են: Տեսե՛ք՝ որքան են պաշարները կազմել 1983թ-ին և որքան՝ 2005թ.-ին, իսկ հիմա երևի ընդհանրապես կետեր չենք տեսնի: Այս կետերը մեկական ձկներ չեն, կարող է լինել 10, 100 կգ-անոց ձկների խմբեր: Այս նկարում տարբերությունն ակնհայտ է»:

Հանդիպման այլ մանրամասները՝ շուտով:

Նյութը պատրաստվեց EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի կողմից:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում