Քննարկվել է Հայաստանի համայնքներն Էկոգյուղերի գլոբալ ցանցում ընդգրկելու հեռանկարը

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը հանդիպել է Էկոգյուղերի գլոբալ ցանցի գործադիր տնօրեն Կոշա Անջա Ջոուբերտին և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանին, ում հրավերով հյուրը Հայաստան է ժամանել «Արևորդի» միջազգային բնապահպանական 7-րդ փառատոնին մասնակցելու նպատակով:

Խաչիկ Հակոբյանը ողջունելով Էկոգյուղերի գլոբալ ցանցի գործադիր տնօրենին` հայտնել է Հայաստանի կառավարության, ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության, պատրաստակամությունը մասնակցելու Էկոգյուղերի գլոբալ ցանցի ծրագրերին. «Հայկական համայնքներն Էկոգյուղերի միջազգային չափանիշներին համապատասխանեցնելն առաջնային նշանակություն ունի բնապահպանական խնդիրների լուծման և մշակույթի ձևավորման գործընթացում»: Նախարարի տեղակալն առաջնային է համարել նաև բնության հատուկ պահպանվող տարածքների /ԲՀՊՏ/ հարակից համայնքներում ծրագրի իրականացումը, ինչի արդյունքում կխթանվի օրգանական արտադրությունը, որն իր հերթին նվազագույնի կհասցնի ճնշումը ԲՀՊՏ-ների վրա: Էկոլոգիապես մաքուր արտադրանքի ծավալների մեծացումն իր հերթին կնպաստի համապատասխան շուկայի ձևավորմանը:

Կոշա Անջա Ջոուբերտին ներկայացրել է Էկոգյուղերի գլոբալ ցանցի ծավալած գործունեությունը և շեշտել, որ էկոգյուղերի կայացման գործում առաջնայնությունը տրվում է համայնքների ինքնակառավարմանը և սեփական նախաձեռնությամբ որոշումների ընդունման արդյունքում էկոլոգիական անհրաժեշտ փոփոխությունների ապահովումը:

Կողմերը պայմանավորվել են համագործակցության շրջանակներում իրականացնել գործնական ծրագրային քայլեր Հայաստանում Էկոգյուղերի ցանց ձևավորելու ուղղությամբ:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում