«Դիլիջան» ազգային պարկի տարածքում ապօրինի անտառհատումների դեմ ուժեղացված պայքարն այլընտրանք չունի

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Տավուշի մարզում։ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գրասենյակում հրավիրված աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Տավուշի դատախազ Վիկտոր Գրիգորյանը, Դիլիջան միավորված համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, «Պանտերա սեքյուրիթի» պահնորդական ընկերության տնօրեն Վահե Դարբինյանը, ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը, «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Աբրահամյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի և տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ։

Իր խոսքում նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ դեռ նախորդ տարի ազգային պարկում մեկնարկած և մի քանի ամիս տևած տեսչական ստուգումների արդյունքում արձանագրվել էր 6300-ից ավել ապօրինի հատված ծառ, ինչի մասին զեկուցվել էր ՀՀ Նախագային և գործը ուղարկվել դատախազություն: Հայաստանի ղեկավարի կողմից ուժային կառույցներին և հսկողություն իրականացնող կազմակերպություններին խիստ հանձնարարական էր տրվել ուժեղացված միջոցառումներ իրականացնել ապօրինի ծառահատումների դեմ: Ըստ Ա. Մինասյանի, ուժային կառույցների հետ համագործակցված արդյունավետ աշխատանք կա, բայց կան նաև բացեր և միջոցներ պետք է ձեռնարկվեն դրանց վերացման ուղղությամբ: Հիմնախարցի լուծման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը իր լիազորությունների շրջանակում իրականացրել է մի քանի քայլ` կատարվել են կադրային և կառուցվածքային բարեփոխումներ, որոնց շրջանակներում պաշտոններից ազատվել են ազգային պարկի տնօրենը, փոխտնօրենները և այլ պատասխանատուներ, 24 ժամյա ռեժիմի պահպանության համար ներգրավվել է «Պանտերա սեքյուրիթի» մասնավոր պահնորդական կազմակերպությունը, վերանայվել են աշխատակիցների որոշ լիազորություններ, որոնք կնպաստեն պահպանության և հսկողության ուժեղացմանը: «Աշխատանքներ են տարվել պարկին հարակից համայնքների բնակիչների հետ, որոնք դեռևս էական արդյունքներ չեն տալիս, բայց եթե հասարակության մոտ չձևավորվի անտառը պահպանելու առաջնայնության գիտակցումը, մյուս գործողությունները արդյունավետ չեն լինի, այդ նպատակով համայնքների բնակիչների հետ պետք է ամենօրյա աշխատանքներ տարվեն: Անընդունելի է բնակիչների մի մասի մոտ գերակայող այն մոտեցումը, որ իրենք կարող են անտառն ապօրինի հատել` սեփական եկամուտները ապահովելու նպատակով և նարնց աջակցում են մարդիկ, ովքեր այդ ցանկությունները օգտագործում են ապօրինի բիզնեսով սեփական եկամուտներն ստանալու համար: Առավել ևս, որ հարակից համայքների բնակիչները միշտ ապահովված են եղել թափուկով և տունը տաքացնելու խնդիր չեն ունեցել»,- շեշտել է նախարարը:

«Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Արմեն Աբրահամյանը տեղեկացրել է, որ այս տարի բնակիչներին է տրամադրվել 2200 մ³ թափուկ և նախատեսվում է առաջիկայում տրամադրել ևս 1900 մ³: Պարկի տնօրենը հայտնել է, որ իր ղեկավարած կառույցի պատասխանատուների կողմից պարբերաբար բացատրական աշխատանքներ տարվում են բնակիչների հետ, բայց դրանք դեռ արդյունքներ չեն տվել, ինչի մասին փաստում են ապօրինի ծառահատումների դեպքերի վիճակագրությունը: «2017 թվականի ընթացքում կազմվել է 83 անտառխախտման արձանագրություն` 737 ապօրինի հատված ծառի համար, որից 9 ակտ` 50,6 մ³ քամատապալ փայտանյութ ապօրինի դուրս բերելու համար: Հուլիսի 24-ից առ այսօր հարուցվել է 13 քրեական գործ, ինչի հետևանքով աշխատանքից ազատվել է «Հաղարծին» տեղամասի ղեկավարը, իսկ նորանշանակ ղեկավարը նույն տեղամասում հայտնաբերել է 409 ապօրինի հատված ծառեր»,- հայտնել է Ա. Աբրահամյանը:

Դիլիջան համայնքի ղեկավար Ա. Սանթրոսյանը հայտնել է, որ բնակչությանը պարբերաբար ասվել է ապօրինի ծառահատումների անթուլատրելիության մասին, իսկ համայնքի բնակիչները թափուկի ձեռքբերման խնդիր չունեն: Լուծման կարիք ունի անանցանելի վայրերում գտնվող թափուկի դուրսբերման հարցը, ինչի համար անհրաժեշտ են ճանապարհներ բացել:

ՀՀ Տավուշի դատախազ Վիկտոր Գրիգորյանն շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և առաջնային համարել, որ յուրաքանչյուր հատված ծառի համար լինեն կոնկրետ պատասխանատուներ, ինչը մեծապես կախված է նաև ազգային պարկի աշխատակիցների արդյունավետ գործելուց: Դատախազը տեղեկացրել է, որ երկու օր առաջ հարուցվել է քրեական գործ որտեղ կա կոնկրետ պատասխանատու:
Առաջնային համարելով հսկողություն իրականացնող մարմնի արդյունավետ աշխատանքը` Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ առանց բացառության պատասխանատվություն են կրելու «Դիլիջան» ազգային պարկի բոլոր պատասխանատուներն, ում անգործաության արդյունքում պատշաճ պահպանություն չի իրականացվի:

ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Արեգ Ղարաբեկյանը խորհրդակցության մասնակիցներին տեղեկացրել են, որ ազգային պարկում տեղադրվելու է ձայնային ընդունիչներ/սենսորներ/, տեսախցիկներ, ինպես նաև կիրառվելու է տեսանկարահանող դրոն, ինչը կապահովի ապօրինի ծառահատումներին օպերատիվ արձագանքելը և կանխարգելելը:

«Պանտերա սեքյուրիթի» պահնորդական ընկերության տնօրեն Վահե Դարբինյանը հայտնել է իր վճառականությունը պահպանությունը լիարժեք ապահովելու հարցում և տեղեկացրել, որ ընկերությունը զինվում է տեխնիկական սարքավորումներով, իչպես նաև առաջիկա շաբաթվա ընթացքում կունենա համապատասխան հագեցվածությամբ կառավարման կենտրոն, որը լիարժեք պատրաստ կլինի առաջիկա օրերին:

ՀՀ բնապահպանության նախարարն հորդորել է արագացված ռեժիմով ավարտին հասցնել տեխնիկական հագեցվածության, ինչպես նաև կառուցվածքային մեխանիզմների բարեփոխման հարցերի լուծումը և կարևորել նաև ապօրինի ծառահատումների խնդրի լուծմանն ուղված խստացումների օրենսդրական փոփոխությունները: Ա. Մինասյանը համակարգված գործողություններ իրականացնելու համատեքստում առաջնային է համարել տեսչական գործառույթի լիարժեք իրականացումը, ինչի արդյունավետության բարձրացման նպատակով ձևավորվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական միասնական մարմինը:

Տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը նշել է, որ ներկայում Հայաստանի երեք մարզերի 8 անտառտնտեսություններում իրականացվում են լայնածավալ ստուգումներ և նախատեսվում է ստուգումներ իրականացնել նաև «Դիլիջան» ազգային պարկում: Անդրադառնալով ապօրինի ծառահատումները սոցիալական առկա խնդիրներով հիմնավորելու պնդումներին` տեսչական մարմնի ղեկավարը նկատել է, որ անտառը բիզնես նպատակների համար օգտագործելն անթուլատրելի է և այդ պատճառով պետությունը մոբիլիզացրել է պետական համապատասխան մարմինների ռեսուրսներն` դրանց դեմ պայքարելու համար, քանի որ այն նաև սերունդներին է պատկանում:
Այցի շրջանակներում նախարարն եղել է «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին» և«Դիլիջան» տեղամասերում, ծանոթացել «Պանտեռա սեքյուրիթի» պահնորդական ընկերության կողմից իրականացվող պահպանման աշխատանքներին, տեխնիկական հագեցվածությանը:

Բնապահպանության նախարարի գլխավորած աշխատանքային խումբը եղել է նաև Հայաստանում կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրի շրջանակներում ազգային պարկում կառուցվող բազմացման կենտրոնում՝ հետևել աշխատանքների ընթացքին։ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրենը ներկայացրել է կատարված աշխատանքների արդյունքները և տեղեկացրել, որ առաջիկայում նախատեսվում է Հայաստան ներմուծել եղջերուի 15 առանձնյակ:

Երեկոյան 21։00-ի սահմաններում աշխատանքային այցից վերադառնալու ճանապարհին, նախարար Արծվիկ Մինասյանին տեղեկացրել են, որ այրվում է «Դիլիջան» ազգային պարկում պահնորդական ծառայություն իրականացնող «Պանտերա սեքյուրիթի» մասնավոր ընկերության անվտանգության աշխատակիցներին պատկանող «Շամախյան» տեղամասի տնակը։ ՀՀ բնապահպանության նախարարը, գերատեսչության իրեն ուղեկցող պատասխանատուները և «Պանտերա սեքյուրիթի» պահնորդական ընկերության տնօրեն Վահե Դարբինյանը թեքվել են ճանապարհից և ժամանել դեպքի վայր:

Դեպքի վայր են ժամանալ նաև ՀՀ ԱԻՆ մազային ստորաբաժանման հրշեջ-փրկարարները, ում հաջողվել է արագ մեկուսացնել և հանգցնել կրակը։ Հրդեհից տուժածներ չկան: Փաստի մասին տեղեկացվել են իրավապահ մարմինները:

Օրացույց
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Մենք Facebook-ում